Այսօր փորձ է արվելու պաշտոնանկ անել Արմեն Մելիքբեկյանին. ՖԱՖ
Աջակցիր «Ա1+»-ին«Առաջին Հայկական Ճակատ» ֆաների ակումբն այսօր սեփական ֆեյսբուքյան էջում ուշագրավ հայտարարություն է կատարել:
«Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը», - նշված է հայտարարության մեջ։
Հայաստանի 1-ին խմբում ներկայումս հանդես են գալիս 5 ինքնուրույն ակումբներ: Դրանք են ԲԿՄԱ-ն, «Վեստ Արմենիան», «Սևանը», «Նորավանքը» և «Լեռնային Արցախը»: Մնացածը Պրեմիեր լիգայի ակումբների «դուստր» թիմեր են: Այն, թե այդ ակումբներից որը կարող է անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահին, դժվար է ասել, սակայն մի բան պարզ է, որ հայկական ֆուտբոլում դեռևս կան տարաձայնություններ, որի պատճառով էլ ծագում է նմանատիպ խնդիր:
Նշենք, որ ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը, կկայանա այսօր, ժամը 13:00-ին: Այս անգամ մեդիայի ներկայացուցիչները ներկա չեն լինի ժողովին: Ինչպես նշում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ֆեդերացիան նման որոշում է կայացրել հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև այն, որ այս տարվա ժողովը հերթական է և ընտրական չէ: