Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգայում մեկնարկել է «Բոքսինգ դեյը». կա ռեկորդ և հակառեկորդ

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում մեկնարկել է «Բոքսինգ դեյը», երբ թիմերը Սուրբ ծննդյան տոներից հետո ութ օր շարունակ խաղում են և անցկացնում են 3-ական հանդիպում:

Արդեն կայացել են 15-րդ տուրի խաղերը: «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկային մրցավեճում ոչ-ոքի՝ 2:2 խաղալով «Լեսթերի» հետ, սահմանել է լիգայի նոր ռեկորդ: «Կարմիր սատատանաներն» 11 արտագնա հանդիպումներում անընդմեջ խփել են երկու և ավելի գոլ, ինչ չի հաջողվել ոչ մի ակումբի:

Իսկ ահա «Շեֆիլդը», որը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Էվերտոնին», նոր հակառեկորդ է սահմանել: Լիգայի պատմության ընթացքում այն դարձավ առաջին թիմը, որը «Բոքսինգ դեյի» մեկնարկից հետո չի կարողացել հաղթանակ տանել առաջնությունում: «Շեֆիլդն» անցկացրած 15 խաղում կրել է 13 պարտություն, երկուսն ավարտել է ոչ-ոքի:

«Բոքսինգ դեյի» առաջին երկու օրերին հաղթանակներ տարան հինգ թիմեր: Լոնդոնի «Արսենալը» իր հարկի տակ չնայած 3:1 հաշվով պարտության մատնեց «Չելսիին», սակայն վաստակած 17 միավորով դեռևս մնում է 15-րդ հորիզոնականում: 

«Աստոն Վիլան» 10 ֆուտբոլիստով ջախջախեց «Քրիսթալ Փելասին»՝ 3:0, վաստակեց 25 միավոր և հավասարվեց 7-րդ տեղում գտնվող «Չելսիին»: «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց «Նյուքասլին» և բարձրացավ 6-րդ հորիզոնական:

Լիվերպուլի «Էվերտոնը» վերևում նշված հաղթանակի շնորհիվ վաստակեց 29 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական, քանի որ նրանից առաջ գտնվող թիմերը՝ «Լեսթերը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը» ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը և միավորներ կորցրին: Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար «Լիվերպուլը» սեփական դաշտում անսպասելի ոչ-ոքի խաղաց հետնապահ «Վեսթ Բրոմվիչի» հետ՝ 1:1: Գործող չեմպիոնն այժմ ունի 32 միավոր:

Այսօր տեղի կունենան «Բոքսինգ դեյի» հերթական երեք հանդիպումները: Կենտրոնական խաղում «Էվերտոնը» սեփական դաշտում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Սկզբունքային նշանակություն ունի նաև հավասար քանակությամբ միավորներ ունեցող «Չելսիի» և «Աստոն Վիլայի» հակամարտությունը: