Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen Muradyan
A A
Պաշտոնական

«Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար»

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը.

«Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի: 

Աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր էր առողջապահության, կրթության և մյուս ոլորտների համար: Անգնահատելի են դրա դեմ պայքարող սպիտակ բանակի ներկայացուցիչների ներդրած ջանքերը: Համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հաղթահարել նաև ուսումնական գործընթացի իրականացման դժվարությունները. բժշկական բուհը գործում է անխափան, յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրում ունի կրթական գործընթացի զարգացման գործում։ 

2020 թվականին լրացավ բժշկական բուհի 100-ամյակը: Այս տարին հոբելյանական էր մեկդարյա համալսարանի համար, սակայն, ցավոք, նախանշված միջոցառումները փոխարինվեցին օրակարգային, օպերատիվ կազմակերպում պահանջող բազմաթիվ այլ  աշխատանքներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր համալսարանական զգա այն հսկայական պատասխանատվությունը, որը ենթադրում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սովորող և շրջանավարտ լինելը: Համալսարանականների կողմից այդքան սպասված հոբելյանը ստվերվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական պատերազմով: Այն մեզանից խլեց լավագույններին. շուրջ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտներ, ուսանողներ ու սովորողներ անմահացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նրանց հիշատակը հավերժ է... 

Համավարակի պայմաններում և պատերազմի ժամանակ շատ ապագա բժիշկներ, ռազմական բժիշկներ, ուսանողներ իրենց մարդկային ու մարդասիրական պարտքը կատարեցին, սխրանքներ գործեցին, ձեռք բերված գիտելիքները ներդրեցին հանուն մարդկային կյանքերի փրկության: 

Կրթությունն ու գիտությունը մեր գալիք օրվա երաշխիքն են: Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար: Մեր աշխատանքի առանցքում շարունակում են մնալ վիրավորում ստացած զինվորների ապաքինումը, վերականգնողական բուժումն ու նրանց լիարժեք կյանքի ապահովումը: Սա նվազագույնն է, որ կարող ենք անել: Այս հարցում ևս մեր ամենօրյա հաջողությունները տեսանելի են: 

Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, շնորհակալ եմ նաև ձեզ, որ ջանք չխնայեցիք հեռավար ուսումնական գործընթացի իրականացման հարցում ձեր կարևոր դերակատարությունն ունենալու համար: Վստահ եմ, որ շուտով հնարավորություն կունենաք առցանց ստացած գիտելիքները կիրառելու նաև գործնական հարթակում՝ ծառայեցնելով դրանք մեր երկրի և պետության հզորացմանը: Թո՛ղ, որ ձեզ հաջողվի դառնալ 100-ամյա բժշկական դարբնոցի լավագույն ավանդույթների պահպանողն ու տարածողը: 

Մաղթում եմ բոլորիդ տոկունություն, ամրություն, խաղաղ օրեր: Կհանդիպենք 2021 թվականին՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով և ծրագրերով: 

Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր»: