Անդրեյ Ղուկասյանից վատ ժառանգություն չեմ ստացել․ Լոռու մարզպետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իբրև Լոռու մարզպետ՝ ես պատրաստ եմ լսել ողջամիտ առաջարկներ ընդդիմության կողմից»։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ով նախկինում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր․
«Հանդիպում եմ մշակույթի գործիչների, գրողների գործարար համայնքի հետ, քննարկումներ ենք անում, խնդիրները վեր ենք հանում և փորձում լուծումներ գտնել։ Ընդդիմադիր գործիչների հետ ևս պատրաստ ենք նստել նույն սեղանի շուրջ, լսել առաջարկներ»,-նշեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Կառավարության հրաժարականի պահանջին, մարզպետն ասում է՝ մարզում նման տրամադրություններ չկան։
Խաչատրյանը հիշեցրեց՝ Կառավարությունը ևս հայտարարել է, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, մինչդեռ ընդդիմությունը հրաժարվում է, իսկ Հայաստանում մի սուբյեկտ կա, որը պետք է որոշի՝ ով պետք է լինի ընդդիմություն, ով՝ իշխանություն։
Հարցին, թե իր համար հասկանալի էր՝ ինչո՞ւ իրեն գործուղեցին Լոռու մարզ, Խաչատրյանն ասաց՝ քաղաքական որոշում է եղել, արտառոց պատճառներ չկան։
Թե ինչպիսի՞ ժառանգություն է ստացել նախկին մարզպեստ Անդրեյ Ղուկասյանից, Խաչատյանն ասաց՝ վատ ժառանգություն չի ստացել, թեև՝ բարդ ժամանակներ են, բայց Լոռու մարզում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել, հիմա էլ շարունավում են․
«Խոսքը գնում է հիմնականում սուբվենցիոն ծրագրերի մասին, կան ներդումային ծրագրեր՝ տուրիզմի ոլորտը զարգացնելու, առաջիկայում այդ մասին կհայտնենք»։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին Լոռու մարզի վրա՝ մարզպետն ասաց՝ վերջին տվյալներով՝ ունեն 162 զոհ, 57 անհետ կորած, 3 գերի և 266 վիրավոր․
«Բոլորի ընտանիքները մարզպետարանի ուշադրության կենտրոնում են, կան հատուկ հանձնաժողովներ, որոնք այցեր են կատարում և ավելի մոտիկից ծանոթանում խնդիրներին»,-ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե կա՞ն հաշվարկներ՝ սահմանների բացվելուց հետո մարզում արտագաղթի ինչպիսի՞ ալիք է սպասվում, մարզպետն ասաց՝ ներդումների ավելացումը, սուբվենցիոն ծրագրերը, տուրիզմի ոլորտի զարգացումը իրենց հետ կբերեն աշխատատեղեր, ինչն էլ որոշ առումով կզսպի արտագաղթը։
Թե որքա՞ն աշխատատեղ կբացվի մարզում, մարզպետը վստահեցրեց՝ առաջիկայում կհրապարակեն։