Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ եղել է ակտիվ քաղաքականության մեջ. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատգամավորներով կազմակերպել ենք հանդիպումների շարք մեր ընտրողների հետ և այդ հանդիպումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվեցին նաև խորհրդարանական ընդդիմության դիրքորոշմամբ պայմանավորված․
«Եթե մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՝ ըստ Սահմանդրության, և սա ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի համար ընդունելի չէ, նրանք և նրանց կոչով այլ կուսակցություններ բոյկոտեն, բա հետո՞։ Դրա համար էլ մենք ասում ենք՝ պետք է կոնսենսուս լինի»։
Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը և քննադատություններին, թե իշխանությունը վախեցավ այս հայտարարությունից, Աղազարյանն ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է ամենաակտիվ քաղաքանության մեջ, հետևաբար՝ նրա հայտարարությունը անակնկալ չի եղել․
«Եթե մենք անցկացնենք արդար, թափանցիկ ընտրություններ, և Ռոբերտ Քոչարյանը հաղթի առանց ընտրակաշառք բաժանելու, ես ինքս՝ որպես քաղաքացի, տեր կլինեմ այդ ընտրության արդյունքներին»։
Աղազարյանը չի բացառում, որ, օրինակ, 4 ամիս հետո կփոխեն իրենց որոշումը և կհայտարարեն արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին․
«Արտախորհրդարանական ընդդիմությունը շատ խիստ ձևով իր սլաքները պետք է ուղղի ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի ուղղությամբ, որ համախմբվեն և պատրաստակամություն հայտնեն արտահերթ ընտրութունների այն ձևով, ինչ ձևով ամրագրված է Սահմանադրությամբ»։
Ինչ վերաբերում է երկրորդ անգամ իրենց ընտրվելուն, Աղազարյանն ասում է՝ որպես պատգամավոր ես պետք է ամեն ինչ անեմ, որ ժողովուրդը հաջորդ անգամ ինձ չընտրի․
«Ես պետք է անեմ այնպիսի բաներ, որ ցավացնի ժողովրդին, այս պահին կցավացնի, վաղը կտա իր դրական արդյունքը»։