Իշխանությունը ընտրություն անցկացնելու նպատակ չի էլ ունեցել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻշխանությունը հետաքրքիր մանիպուլյատիվ քայլ արեց, որն այսօր հաջողությամբ իր ավարտին է հասցնում։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսպես է գնահատում արտահերթ ընտրություններից հրաժարվելու իշխանությունների քայլը։
«Ընդդիմադիր դաշտում նոյեմբերի 10-ից սկսած՝ եղել է մեկ պահանջ՝ վարչապետի հրաժարական, որի վերաբերյալ ձևավորվել էր կոնսենսուս։ Վարչապետը պետք է հրաժարական տար, և խորհրդարանը, որն ունի իշխանություն, որը լեգիտիմ է, պետք է ընտրի նոր վարչապետ։ Ի պատասխան այս հայտարարությունների, ձևավորված հանրային ակնկալիքի ու պահանջարկի, վարչապետը հայտարարում է՝ ես կառաջարկեմ ձեզ անենք ընտրություններ, և սկսվում է արտահերթ ընտրությունների մասին, այսպես կոչված, նիսյա խոսակցություն։ Այսինքն՝ նաղդ պրոբլեմները թողած՝ նիսյա խոսակցություն է։ Այսինքն՝ ամբողջ դաշտը, հանրային օրակարգը մանիպուլացված է կեղծ օրակարգերով»,-պնդում Էդմոն Մարուքյանը և հավեlում՝ արտահերթ ընտրությունը եղել է վարչապետի օրակարգը, որը չի մերժվել ոչ մեկի կողմից․
«Եվ բոլորն ասել են՝ այո, արեք ընտրություններ։ Եվ ինքն էլ ի պատասխան ասել է՝ եթե ուզում եք, անենք, եկեք հուշագիր ստորագրենք հիմա։ Հիմա էլ կարող ա ասենք՝ հուշագիր ենք ստորագրում, ուրիշ բան ուզեն։ Ուզում եք ընտրություն անեք, ցրեք խորհրդարանը, անենք, չեք ուզում անեք, ասեք՝ չենք ուզում։ Բայց պահաջարկը, ձևավորված օրակարգը չի եղել ընտրություններ անելու կամ չանելու համար։ Այդ հայտարարությունը լուրջ մի ընդունեք, չեմ բացառում, որ չորեքշաբթի օրը հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը կասի, որ արժե անել ընտրություններ», հավելեց Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը պնդեց՝ արտահերթ ընտրություններ լինելու են, իրենք էլ կմասնակցեն։ Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականի հանրային պահանջին, Մարուքյանն ասում է՝ այս պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ։ Միևնույն ժամանակ հիշեցնում է՝ պարիտետային հանձնաժողով ստեղծելու առաջարկ են արել, մինչդեռ այդ թեման փակվում արտահերթ ընտրութունների վերաբերյալ քննարկումներով․
«Իշխանությունն ի սկզբանե էլ արտահերթ ընտրութուններ անցկացնելու նպատակ չի ունեցել, հարց է դրել շրջանառության մեջ, որը հանում է կամ չի էլ հանի»։ ԼՀԿ ղեկավարի խոսքով՝ իշխանափոխության միայն սահմանադրական գործընթացներ պետք է լինեն, բայց չի էլ բացառում, որ կարող են այլ գործընթացներ լինել․
«Եթե գործընթացները չգնան սահմանադրական ճանապարհով, կարող են շատանալ Վահան Բադասյանի հայտարարության նման հայտարարությունները, դա օգո՞ւտ է մեր երկրին, բնավ ոչ»։