Թուրքիան այլևս պատճառ չունի փակ պահել Հայաստանի հետ սահմանը. Արա Այվազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին։
«Սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է և որպես պետություն, որպես հասարակություն՝ մենք պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի Հայաստանի շուրջ անվտանգության ամրապնդմանը, և դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է անվտանգության ամրապնդումը»։
Ինչ վերաբերում է Կարսում տեղի ունեցող զորավարժություններին և մտահոգություններին, նախարարն ասում է՝ մի կողմից տեսնում ենք զորավարժություններ, մյուս կողմից՝ Թուրքիայից գալիս են մեսիջներ․
«Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջներով ուղերձներ հասցնել, բայց, հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք գործողություններով և վստահ եմ,որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում, ինչպես գիտեք՝ սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախի ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»։