Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը․Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ես ժողովրդին հրավիրել եմ քննարկելու, իսկ շարժման հանրահավաքը նախատեսված է փետրվարի 20-ին։ Ազատության հրապարակում հրավիրված հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը․
«Պարզվեց՝ մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ էլ էր կնքված, դրան էլ ավելացվեց այն, որ որոշում ընդունվեց լրագրողներին արգելել ազատ մեկնաբանել, ինչը կասկած է առաջացնում, որ բացի այդ փաստաթղթից՝ կան ուրիշ պայմանագրեր, այսինքն՝ մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»։
Վազգեն Մանուկյանը պնդեց՝ իշխանության՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելը իրենց պլանները չի փոխել, քանի որ իրենք ի սկզբանե էլ ասել են՝ արտահերթ ընտրություններ ուզում են, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում․
«Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր ընտրություններ, և իրեն հաջողվեր անցկացնել, ինչը ես անհնարին եմ համարում, այդ դեպքում ես ընտրությունների չէի գնա»։
Մանուկյանը պնդեց՝ կան մի քանի հարյուր հազար մարդիկ, ովքեր սարսափելի դժգոհ են, բայց միլիոն մարդիկ էլ կան, ովքեր դժգոհ են, բայց փողոց դուրս գալ չեն ուզում, պետք է փորձել այդ մարդկանց դուրս բերել փողոց, քանի որ, ըստ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարվող չէ․
«Պետք է աշխատել «Իմ քայլը»-ի հետ, ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ, նրանք են Նիկոլ Փաշինյանի հենարանները, պետք է նրանց հետ աշխատել»։
Հարցին, թե ինչո՞ւ էր դադար վերցրել ընդդիմությունը, Մանուկյանն ասաց՝ բնական պատճառներով էր, ցուրտ էր, Նոր տարի էր, դրա պատճառով դադարը մի փոքր երկար եղավ։
Անդրադառնալով ապստամբության վերաբերյալ նախկինում հնչեցրած իր հայտարարությանը՝ Մանուկյանը վերահաստատեց․
«Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբությունը, ցանկացած միջոց, որը նպաստում է իշխանությունից ազատվելուն, բայց ֆիզիկական ուժ չի ենթադրում, ես կխրախուսեմ»։
Ընդդիմության վարչապետի թեկնածուն պնդեց՝ ամեն ինչ պետք է անել ուշ կամ շուտ Նիկոլ Փաշինյանից հրաժարվելու համար․
«Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ լինելը, մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են, քան այն տարբեակը, որ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ»։
Մանուկյանը համոզված է՝ կա հանրային պահանջ իշխանությունը փոխելու։ Վարչապետի թեկնածուն ասում է՝ ընդունելով ժամանակավոր վարչապետ դառնալու առաջարկը՝ գիտակցում է, որ գնում է մահապարտի գործի։