Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dahuk
A A
Սպորտ

Միքայել Միքայելյանը 8-րդ տեղն է զբաղեցրել դահուկավազքի աշխարհի առաջնությունում

Հայաստանի դահուկորդ Միքայել Միքայելյանը հաջող է հանդես եկել դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճի 15 կմ մրցավազքում: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, առաջնությանը մասնակցել են 30 պետությունների 71 դահուկորդ: Միքայել Միքայելյանը 36։1710 արդյունքով գրավել է 8-րդ տեղը: Անցած տարվա համեմատ նա 3 աստիճանով բարելավել է իր դիրքը:

«Շնորհակալությունս ու խոնարհումն Արթուր և Ալլա Միքայելյաններին և նրանց որդիներ Սերգեյ և Միքայել Միքայելյաններին, որոնք իրենց անսահման նվիրումով, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ պատմություն են կերտում։ Տարիներ առաջ ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր երազել նման արդյունք, հավասարը հավասարի պայքարել և արդեն հաղթել պետությունների, որոնք միլիոնավոր եվրոներ են ներդնում նման արդյունքների համար, իսկ մենք բոլորս միասին անում ենք անհնարն ու անհավատալին․․ 

Այսօր Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Միքայել Միքայելյանի զիջել է միայն աշխարհի հզոր դահուկային պետություններից ընդամենը 5-ին՝ Գերմանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Շվեդիա․․. միայնակ հաղթել ֆիներին, կանադացիներին, ամերիկացիներին, շվեյցարացիներին, ավստրիացիներին, իտալացիներին, սլովենացիներին և այսպես շարունակ ... անչափ երջանիկ եմ այսօր, արդեն իսկ սկսում ենք քաղել մեր գիշեր ու զոր աշխատանքի պտուղները․․․», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Հավելենք, որ աշխարհի առաջնությունը նաև վարկանիշային է 2022թ օլիմպիական ձմեռային խաղերի համար: