Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անունները չկան, որ ռազմական գործողությունների են մասնակցել․ ակցիա (տեսանյութ)

Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակցած պահեստազորայիններն ակցիա էին իրականացնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի մոտ։ Մասնակիցներից Շահբազյան Հովհաննեսը նշում էր, որ իրենք հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 12-ը մարտական գործողությունների մեջ են եղել, սակայն այժմ իրենց անունները ոչ մի տեղ գրված չեն, որ կարողանան իրենց հասանելիք գումարն ու զինվորական գրքույկները ստանալ․

«Մեր ջոկում եղել ա 12 մարդ, 9-ը՝ Կոտայքի մարզից, 3-ը՝ Արցախից։ Արցախի հանրապետությունից 3-ը իրենց գումարն էլ են ստացել, բիլետներն էլ, մեջը գրված ա եղել, որ մարտական գործողությունների են մասնակցել։ Իսկ մենք չենք ստացել ոչինչ», - ասաց Շահբազյան Հովհաննեսը։

Չարենցավանի զինկոմիսարիատից, նրա խոսքով, իրենց տարել են Արցախ, իսկ բոլորի փաստաթղթերը տվել են վարորդին։ Իրենց հետ սպա չի եղել կամ այլ պատասխանատու անձ։ Մինչև օրս չեն կարողանում ստանալ իրենց զինգրքույկները։

Նրա խոսքով՝ դիմում են գրել, գրելուց 15-20 օր հետո միայն ասել են՝ անձնագրի պատճե է պետք՝ դիմումներին ավելացնելու և հարցում ուղարկելու համար։ Բայց դիմումներին ոչ մի պատասխան չկա։  Պաշտպանության նախարարություն էլ են դիմել, ուղարկել են Գլխավոր շտաբ, այստեղ էլ ոչ մի հստակ բան չեն ասում։

Հովհաննեսը հենց տեղում զանգահարեց Մարտունի 3 զորամաս, որտեղ իրենք անցկացրել են հերթապահությունը, ճշտելու՝ իրենց անունները կա՞ն մարտական գործողություններին մասնակցածների ցուցակում։ Պատասխանեցին, որ նրանց անունները չկան։ Ասում են, որ նրանք պետք է գրանցված լինեին այն զորամասում, որտեղ առաջինը իրենց տարել են։ Այդտեղից էլ չեն պատասխանում զանգերին։

Որոշ ժամանակ անց Գլխավոր շտաբից ներկայացուցիչ դուրս եկավ, կանչեց տղաներին ներս՝ պատասխանատու բաժնի հետ ճշտելու՝ որտեղ կան նրանց անունները, կան արդյոք, թե ոչ և ինչ քայլեր ձեռնարկել։

Դուրս գալուց հետո մասնակիցներից Վահրամ Խաչատրյանն ասաց՝ վաղը պետք է ներկայացնեն անձնագրերի պատճեներն ու ապացուցող բոլոր փաստաթղթերը, որպեսզի դրանց հիման վրա դիմումներ գրվեն։ Դիմումները կուղարկվեն ՀՀ Պաշտպանության նախարարին, ԳՇ պետին և Արցախի պաշտպանության նախարարին։