Եթե Մեղրիից միջանցք տրվի, մենք կկորցնենք մեր երկրի հարավի նկատմամբ վերահսկողությունը․ Արման Մելիքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը գտնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Մեղրիի միջանցքը պարտադրում են Հայաստանին և պարտադրում են վերջնագրի տեսքով։ Իսկ Ռուսաստանը իր շահերի շրջանակներում ցանկանում է ապաշրջափակել ճանապարհները։ Նա նաև հավանական է համարում, որ Հայաստանը չկարողանա վերահսկողություն ունենալ այդ միջանցքի վրա՝ այն հանձնվի ռուս սահմանապահներին։
«Եվ մենք կկորցնենք մեր երկրի հարավի նկատմամբ իրական վերահսկողությունը։ Իսկ դա կարող է վտանգել Սյունիքի բնակչության անվտանգությունը»,- ասում է Ա․ Մելիքյանը։
Ա․Մելիքյանը չի բացառում, բայց քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանն առաջիկայում կարող է նոր պատերազմ սկսել։
«Ամեն դեպքում Ադրբեջանն էլ պատերազմում մարդկային լուրջ կորուստներ է ունեցել։ Անկախ այն հանգամանքից, թե որքան թիվ է հայտարարում, քառակի-հնգակի մեծ կորուստներ է ունեցել։ Թուրքիան ևս նոր պատերազմի անհրաժեշտություն չի տեսնում։ Մեծ հաշվով Թուրքիան ստացավ այն, ինչ իրեն պետք էր, հատկապես թուրքախոս պետությունների շրջանում բարձրացավ նրա վարկը»,- ասում է ԱՀ նախկին արտգործնախարարը։
Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին ու վերջին օրերին Սյունիքում, այնուհետև Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ ասում է՝ դա նախկին իշխանությունների պայքարն է իշխանության համար, որ ընդդիմությունը ձգտում է դրան՝ լինի դա ընտրություններով, թե առանց ընտրությունների։ Եվ եթե վստահ լինեն, որ կկարողանան ընտրական գործընթացները վերահսկել այնպես, ինչպես վերահսկել են նախկինում, ապա դա կանեն։
«Քանի դեռ ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանն է, ամեն ինչ հնարավոր է։ Նախկին ավանդույթները պահպանվել են, քանի որ նրանք արվել են անձերի ձեռքով։ Եթե դեմքերը չփոխվեն, կարող ենք կասկածել ընտրությունների արդյունքների վրա, եթե փոխվեն, հնարավոր կլինի նրանց գործունեությունը վերահսկելի դարձնել»,- պատասխանեց Ա․Մելիքյանը։
Ա․Մելիքյանը նաև հավելեց, թե ընտրակաշառքի լեգենդը մտցվել է հատուկ նրա համար, որ ընտրակեղծիքի մեղքը բարդվի ժողովրդի վրա։ «Մինչդեռ իրական ձայները կեղծվել են բացառապես ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների ձայների հաշվին, իսկ դրանք հարյուր հազարավոր են»,- ասաց Ա․Մելիքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում