Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթը պակասել է

Տնտեսություն
14696ba03f5235e015fd3aef3fc648f0

Այս տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կենդանական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալները, բացառությամբ ձվի, նվազել են: Նման եզրակացության են եկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցները, ինչը ներկայացրել են «Պարենային ապահովություն եւ աղքատություն» զեկույցում:

Ըստ հրապարակված տվյալների` այս ընթացքում իրացվել է 21.2 հազ. տոննա կենդանի քաշով միս, ինչը 20.6%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ կաթի արտադրության ծավալը նվազել է 2%-ով` կազմել 234.5 հազ. տոննա:

Բեռնամաքսային հայտարարագրերի եւ քաղաքացիների կողմից կազմակերպված առեւտրի տվյալների համաձայն` այս տարվա երկրորդ եռամսյակում հանրապետություն ներմուծված ապրանքների 17.2%-ը բաժին է ընկել պարենամթերքին, իսկ արտահանման ծավալներում` 12.2%:

Նշյալ ժամանակահատվածում նվազել է պարենային ապրանքատեսակներից ալյուրի ներմուծման ծավալը 11,4 անգամ, կարագինը` 69.5%-ով, տավարի մսինը` 44.3%-ով, խոզի մսինը` 24.9%-ով, կաթինը` 21.6%-ով, բրնձինը` 12.4%-ով: Փոխարենն ավելացել են շաքարի (25.6 անգամ), ձվի (2.8 անգամ), թռչնի մսի (2.5 անգամ), մրգի (56.3%-ով), ցորենի (49.6%-ով), պանրի (48.4%-ով), բանջարեղենի (26.8%-ով), բուսական յուղի (7.9%-ով) ներմուծման ծավալները: