Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂՆ ՈՒՆԻ ԻՐ ՄԵՆԹԱԼԻՏԵՏԸ

Տնտեսություն

Հայ քաղաքացու նվազագույն սպառողական զամբյուղը չպետք է նմանվի այլ երկրների նվազագույն սպառողական զամբյուղին: Դա հաստատ գիտի ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը:

Հայաստանցու սպառողական նվազագույն զամբյուղի յուրահատկությունն այն է, որ չափը հաշվարկելու ժամանակ պետք է հաշվի առնվի հայի սովորույթներն ու մենթալիտետը:

«Ձեզ հայտնի՞ է, որ ամենաշատ հաց ուտող ազգը մենք ենք», - ԱԺ-ում հարցադրում արեց Ռաֆիկ Պետրոսյանը: Ուստի պատգամավորի կարծիքով հայի սպառողական նվազագույն զամբյուղի չափը որոշելիս պետք է ընդունվածից ավելի շատ հաց հաշվել:

Ի դեպ, ԱԺ-ում քննարկվող «Սպառողական նվազագույն զամբյուղի մասին» օրենքի նախագիծը յուրօրինակ է նաեւ նրանով, որ հենց սկզբից շրջանառության մեջ դրվեց «ոտքը յորղանի գյորա քաշելու» գաղափարը: Ասել է թե նույն իրավիճակն է, ինչպես եւ այսօր: «Գաղտնիք չէ, այո, որ նվազագույն աշխատավարձը հանրապետությունում սահմանվում է 13 000 դրամ, որը շատ քիչ է, բայց եկեք ընդունենք, որ շատ ավելի շատ է, քան ինչ որ մենք այսօր ունենք», - ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հետեւաբար կարելի է ենթադրել, որ նույնիսկ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիների սոցիալական ապահովության կյանքում կտրուկ փոփոխություններ եւ բարելավումներ չեն սպասվում: Կոալիցիայի անունից, բայց ՀՅԴ խմբակցության պատգամավորների միջոցով մշակված օրենքն իրականում շատ հեռու է օրենք կոչվելուց: Պատգամավորների մի զգալի մաս այսօր արդեն պնդում է, որ օրիենքի նախագծի վրա շատ քիչ է աշխատած, հստակ սահմանումներ չկան, հստակ մեխանիզմներ չկան եւ առկա են բազմաթիվ այդպիսի անհստակություններ: Առայժմ հայտնի չէ նաեւ, թե պետության ղեկավարման որ օղակն է որոշելու սպառողական նվազագույն զամբյուղի չափը: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ դա որոշեր Աժ-ն, իսկ հաստատեր կառավարությունը: Այդ կետը, հավանաբար, հանվի նախագծից, քանի որ քննարկումների ժամանակ մտավախություն առաջացավ. «եթե ենթադրենք Աժ սպառողական զամբյուղը որոշի 100 հազար դրամ, իսկ կառավարությունն էլ ասի, որ իր հնարավորությունները միայն 10 հազար դրամի սահմաններում է, ապա այդ դեպքում բացասական ազդեցություն կլինի կառավարության հեղինակության վրա»:
Առաջարկների մեկ այլ տարբերակով, որը մշակել է «Արդարություն» խմբակցությունը, սպառողական նվազագույն զամբյուղի չափը կարող է որոշվել եւ ընդունվել ամեն տարի, երբ կառավարությունը հաստատման համար Աժ-ին ներկայացնում է հաջորդ տարվա պետական բյուջեն:

Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման համար, սակայն, դա մեծ խնդիր չէ, հատկապես եթե ԱԺ նախագահը նույնպես հանգիստ է վերաբերվում այդ թերություններին. «Ասել, թե օրենքի նախագիծը կատարյալ է, իհարկե ոչ: Կատարյալ չեն նաեւ բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ներկայացվում են Աժ»:

Այսպիսով, առաջարկվում է, որպեսզի օրենքն ընդունվի առաջին ընթերցմամբ, իսկ մինչեւ երկրորդ ընթերցում ի հայտ եկած թերությունները կշտկվեն: Ամեն դեպքում, անհրաժեշտ է, որպեսզի սպառողական նվազագույն զամբյուղի խնդիրը որոշվի 2004 թվականին:

Թե «սպառողական նվազագույն զամբյուղ» հասկացությունը որքանով կհամապատասխանի իր իրական նշանակությանն առայժմ հայտնի չէ: Փաստ է միայն, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս չեն ընդունում ՄԱԿ-ի կողմից ընդունված չափանիշներն ու թվերը: Այդ թվերի համաձայն օրական 1 դոլարից պակաս եկամուտ ունեցողը համարվում է չքավոր, իսկ օրական 2 դոլար ունեցողն էլ աղքատ է: Եթե հիմք ընդունվեն այդ թվերն, ապա ՀՀ բնակչության 80 տոկոսը ներկայումս կարող է համարվել աղքատ: Ի դեպ, հասարակության աղքատության մասին վկայում է եւս մեկ տվյալ. ՀՀ բնակչության 70 տոկոսի սնունդի մեծ մասը կազմում է հաց եւ կարտոֆիլ: Իսկ դա արդեն մտահոգվելու հստակ պատճառ է: