«Համակարգն է մարդուն դարձնում Ներոն, և անսահման ազատության, ամենաթողության զգացողությունը…»
Աջակցիր «Ա1+»-ինԸնդունված տեսակետ է, որ Ներոնը հիվանդ, այլասերված, հոգեկան խանգարում ունեցող մեկն էր, սակայն դա այդքան էլ այդպես չէ…
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մայիսի 12-ին պաշտոնապես իր դռները հանդիսատեսի համար կբացի երկու տասնամյակից ավելի թատրոնը ղեկավարած Երվանդ Ղազանչյանի անունը կրող փոքր դահլիճը:
Սա այն թատերասրահն է, որ հիմնել էր հենց Երվանդ Ղազանչյանը, որտեղ նա դասեր էր անցկացնում իր կուրսի ուսանողների հետ, ուսանողական ներկայացումներ բեմադրում: Նաև փառատոններին, մասնավորապես «Արմմոնոյի», մի շարք ներկայացումներ այստեղ են խաղացել:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի խոսքով, 70 հանդիսատեսի համար նախատեսված այս թատերասրահը պետք է բացվեր դեռ անցյալ տարի ապրիլին:
«Բայց եղավ այն, ինչ եղավ՝ համավարակ, պատերազմ… Բացմանը «Հարդասենյակ կանանց համար» կատակերգությունը պետք է խաղային, սակայն այդ ներկայացումն այս օրերին այնքան էլ ակտուալ չէր: Սա ավելի խաղաղ ժամանակների ներկայացում է: Որոշվեց «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը բացել ավելի հնչեղ ու արդիական պրեմիերայով՝ Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» խորագրով պիեսի հիման վրա ստեղծված «Ներոն և Սենակա» ներկայացմամբ», - ասաց պարոն Ղազանչյանը:
Մինչ պաշտոնական բացումը կայացավ փակ դիտում լրագրողների և թատերագետների համար:
Բեմադրիչը՝ Հակոբ Ղազանչյանն է: Ներկայացման գլխավոր դերակատարներն են Արթուր Կարապետյանը, Արմեն Սանթրոսյանը և Վարուժան Մանուկյանը:
«Թերևս, երկրորդական դեր ներկայացման մեջ չկա: Բոլոր դերերն են այստեղ կարևոր: Յուրաքանչյուր մանրուք, հայացք կարևոր է, քանի որ դերակատարներն ասես հանդիսատեսի ափի մեջ են»:
Ներկայացումից հետո «Ա1+»-ը զրուցեց Ներոնի դերակատար Արթուր Կարապետյանի հետ:
«Որևէ բան չի փոխվել մարդկության հազարամյակների պատմության մեջ: Ընդամենը կյանքի տևողությունն է երկարել, սակայն մարդն իր էությամբ չի փոխվել: Բոլոր ժամանակներում եղել են սենեկաներ ու ներոններ: Ներկայացումը պետք չէ տեղայնացնել, պետք չէ զուգահեռներ փնտրել այսօրյա մեր իրականության հետ: Այս գործին մենք անդրադարձել ենք և քսան տարի առաջ, երբ ժամանակներն այլ էին, սակայն մարդկային էությունը նույնն էր: Սա բոլոր ժամանակների գործ է: Եվ հակահերոսն ինձ համար Սենեկան է, ոչ թե Ներոնը, որին ես, ի դեպ, արդարացնում եմ: Համաձայն չե՞ք, որ այն սողացող մարդուն, որ փորձում է օգտագործել Ներոնին իր իշխանության համար, իր անձնական շահերի համար, պետք է առաջինը դատել: Ընդունված տեսակետ է, որ Ներոնը հիվանդ, այլասերված, հոգեկան խանգարում ունեցող մեկն էր, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Նա խելացի և կրթված անձնավորություն էր, մի քանի լեզուների էր տիրապետում: Համակարգն է մարդուն դարձնում այդպիսին, և անսահման ազատության, ամենաթողության զգացողությունը: Ի դեպ, նրանք, ովքեր հանդգնել են խոսել Ներոնի հետ հայացքը չփախցնելով, չքծնելով, անվախություն են ցուցաբերել, ազատ են արձակվել:
Որպես դեր՝ նրբերանգները և ինֆորմացիան հանդիսատեսին հասցնելու առումով, բավականին ծանր է: Իսկ թատերասրահը՝ նման ներկայացում խաղալու, հանդիսատեսի հետ հաղորդակցվելու, ասելիքը տեղ հասցնելու առումով շատ հարմարավետ է: Նշեմ նաև, որ բեմադրության կարևոր դետալներից էր սփռեյը, որ ես ցանում եմ ներկայացման ավարտին: Որևէ մեկին վիրավորել չեմ ուզում, բայց գրելուց, մտքերը թղթին հանձնելուց առաջ կարևոր է սենեկա չդառնալ: Այս մեսիջն ուղղված է այն մտավորականներին ու մեդիայի ներկայացուցիչներին, որոնք աղավաղում են դաշտը, մոլորեցնում մարդկանց անհասկանալի լուրերով, դեզինֆորմացիայով»,- ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը: