Ռուսաստանն Ադրբեջանին ու Թուրքիային ավելին է խոստացել․ Միքայել Հայրապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է, թե Ռուսաստանը Թուրքիային ու Ադրբեջանին ավելին է խոստացել, քան գրված է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ։
«Ամենայն հավանականությամբ միջանցքի վերահսկողության խոստում է տվել։ Եվ այս իրավիճակում որևէ մեկը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դա անելու։ Միջանցք, իհարկե, բոլորին է պետք և մեզ էլ է պետք տալ, պարզապես ո՞վ է վերահսկելու այն։ Մենք կորցնո՞ւմ ենք մեր սուվերենությունը այդ տարածքների նկատմամբ, թե՞ ոչ»,- հարցնում է Մ․Հայրապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջան ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցին։
Մ․Հայրապետյանը նաև հավելում է, թե հայ լրագրողները պետք է բոյկոտեին Ս․Լավրովի ասուլիսը, նրա վրա կոշիկ շպրտեին։ Նա նաև գտնում է, որ անցած տարվա Արցախյան պատերազմից հետո Հայաստանը պետք է հայտարարեր, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Բայց քանի որ, նրա խոսքերով, մենք ունենք «վախկոտ և ՌԴ-ի կողմից դրածո իշխանություն», դա չենք կարող անել։
Անդրադառնալով այս օրերին Պաղեստինի ու Իսրայելի միջև ընթացող պատերազմին և դրա հնարավոր ազդեցությանը մեր տարածաշրջանի վրա՝ չի բացառում, որ եթե այնտեղ լարումը մեծանա, այստեղ Թուրքիան ու ՌԴ-ն իրենց «սև գործն ավարտեն»։
Նույն մտահոգություններն ունի նաև ընտրական գործընթացների դեպքում, երբ այստեղ նույնպես կարող է լարվածություն առաջանալ։
«Կարծում եք, ռուս-թուրքական տանդեմը հապաղելո՞ւ է օգտվել այս քաոտիկ վիճակից։ Բացարձակապես։ Կանխատեսում եմ, որ նախընտրական, ընտրական և ետընտրական շրջանում այստեղ պայթյուններ կազմակերպեն։Եվ դա հստակ կանդրադառնա սահմանների վրա, և այնպես սահմանը կգծեն, որ չկարողանաս փոխել»,- հավելում է Մ․Հայրապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում