Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եվրախորհրդարանում քննարկում են հայ ռազմագերիների ու սահմանային լարվածության հարցը (տեսանյութ)

Հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս մասին ասաց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

Պատգամավորը նախ շեշտեց, որ վերջապես հումանիտար բնույթի այս կարևոր հարցը կարողացել են ընդգրկել օրակարգ: Նա ԵԽ ամբիոնից շեշտեց՝ Ադրբեջանը հրաժարվում է հայտնել, թե դեռ քանի մարդ է պահվում, իսկ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ իրենց որդին մահացած է, ո՞ղջ է, գերի՞ է:

«Ալիևը խոսում է խաղաղությունը հարգելու մասին, ինչպե՞ս կարող ենք հավատալ դրան, երբ այսօր նա խախտում է Հայաստանի տարածքը: Ոչ մի դիվանագիտություն չի կարող արդարացնել հիմնարար իրավունքների այդ չարաշահումը: Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց հետաձգման»,-եզրափակեց ԵԽ պատգամավորը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նույնը ասել է  Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը:

«Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ նշելով, որ այդ զբոսայգու գոյությունը նպաստում է թշնամանքի պահպանմանն ու վնասում երկու երկրների միջև վստահության հաստատմանը:

Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երևանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է և պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝  տեսանյութում