Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի օրերին Պուտինն անձամբ է խնդրել, որ ՀԱՊԿ չդիմենք․ Ա․Բաբաջանյան (տեսանյութ)

«Ես հեռու եմ այն մտքից, որ Ադրբեջանը կարող էր մտքով անցկացնել ինքնուրույն ներխուժել Ռուսաստանի պատասխանատվության տարածք առանց Թուրքիայի և/կամ Ռուսաստանի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ պատասխանելով այսօր ևս 6 հայ զինծառայողի գերեվարման վերաբերյալ հարցին։

Վաղ առավոտյան ադրբեջանական զինված խմբերը ներխուժել են Գեղարքունիքի մարզ, որտեղ հայ զինվորներն ինժեներական և ականապատման գործողություններ են իրականացրել ու 6 հոգու են առևանգել։

Ա․Բաբաջանյանն ասում է, որ մայիսի 12-ից, երբ Ադրբեջանը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ներխուժեց Հայաստանի տարածքը, գործընթացներում մենք շատ քիչ արձագանքներ ու կոմունիկացիա ենք ֆիքսել Թուրքիայի հետ։

Նա գտնում է, որ դա պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններով և այդ երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումով։

«Մնում է ՌԴ-ն։ Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ առնվազն առանց ՌԴ-ի տեղեկության Ադրբեջանը չէր կարող ոտնձգություններ իրականացնել ՀՀ սահմանի նկատմամբ»,- ասում է Ա․Բաբաջանյանը։

Վերջինս նաև հավելում է, թե  ՌԴ-ն այդպիսով նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններում սեփական թեկնածուին առաջ բերելու ծրագիր է իրականացնում․ «ՌԴ-ն որևէ կերպ չի հաշտվում 2018թ․ մեկնարկած իրողությունների հետ, որոնք ժողովրդավարական գործընթացների սկիզբ են դրել»։

Պատգամավորն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե անցած տարի 44 օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են օգնության համար չդիմել այդ կառույցին կամ հենց ՌԴ-ին։ «ՀԱՊԿ-ից չեն հորդորել, անձնապես Պուտինն է հորդորել։ Ն․Փաշինյանի այդ հայտարարությունն, իհարկե, մեզ համար շատ անակնկալ էր։ Պուտինը խնդրել է Փաշինյանին, որ նա չդիմի ՀԱՊԿ-ին, որովհետև, միևնույնն է, ՀԱՊԿ-ը չէր կատարի ՀՀ նկատմամբ իր պարտավորությունները։ Որովհետև անդամ երկրներն ավելի շուտ դուրս կգան այդ կազմակերպությունից, քան թե Ադրբեջանի դեմ գործողություն կկատարեն։ Եվ իմ վերլուծությունն այն է, որպեսզի կազմակերպությունը ներսից չպայթի, Ն․Փաշինյանին խնդրել են չդիմել։ Եվ ինձ համար ակնհայտ է, որ պատերազմի ժամանակ Հայաստանը փրկել է ՀԱՊԿ-ը՝ չդիմելով այդ կառույցին։ Միևնույնն է, ՀԱՊԿ-ը չէր կատարելու իր պարտականությունները և ի տես աշխարհի բացահայտելու էր, որ անկարող, անատամ, իր դաշնակցնի նկատմամբ պարտավորությունները կատարելու անընդունակ մարմին է»,- հավելում է Ա․Բաբաջանյանը։

Ի դեպ՝ պատգամավորի ներկայացմամբ, Ն․Փաշինյանը իրենց նաև ասել է, որ Վ․Պուտինը պատերազմի ժամանակ խոստացել էր իրականացնել պայմանագրերով նախատեսված ողջ գործողությունները՝ այն, ինչ ՀՀ անվտանգության համար պետք է ձեռնարկեր ՀԱՊԿ-ը։

Մանրամասները՝  տեսանյութում