Փաստաբանները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբաններ Վահե Հովսեփյանն ու Վարդան Առաքելյանն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դատական հայց են ներկայացրել Վարչական դատարան։
Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել ձեռնպահ մնալ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը եւ դրա հիմքում դրված կամ դրանից բխող փաստաթուղթը ստորագրելուց։
«Ա1+»-ի հետ զրույցում հայցը ներկայացնող փաստաբաններից մեկը՝ Վարդան Առաքելյանը, ընդգծեց․
«Թե՛ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե՛ հետագա գործողությունները միջազգային պայմանագրի մաս են, իսկ միջազգային պայմանագիր Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար չի կարող կյանքի կոչել և ստորագրել, որովհետև կա սահմանված ընթացակարգ, այդ պայմանագիրը պետք է անցնի Ազգային ժողովով, բացի այդ խոսքը Հայաստանի տարածքի փոփոխության մասին է, իսկ այս հարցը պետք է միայն հանրաքվեի միջոցով լուծվի»,-ասում է փաստաբան Վարդան Առաքելյանը։
Նրանք դատարանից պահանջել են հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառել, որպեսզի հայցադիմումի քննության ընթացքում Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չկարողանա ստորագրել ո՛չ եռակողմ ձևաչափով, ո՛չ ՀՀ տարածքի փոփոխման վերաբերյալ։
Մեր հարցին, թե արդյոք դատարանի որոշումը կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանին հետ պահել որևէ փաստաթուղթ ստորագրելու որոշումից, փաստաբանն ասում է՝ եթե ՀՀ-ն իրավական պետություն է, ապա դատարանի որոշումը պարտադիր է բոլորի համար կատարման, այդ թվում ՀՀ վարչապետի կամ վարչապետի պաշտոնակատարի։