«Ապակողմնորոշող» պաղպաղակ
Մայրաքաղաքի առեւտրի կետերում, հուլիսին, Հանձնաժողովի աշխատակիցների կատարած դիտանցումների արդյունքում հայտնաբերվել էին մի շարք ապրանքներ, որոնց փաթեթավորման վրա բացակայում էր պարտադիր մակնշումը:
«Թամարա» ՍՊԸ արտադրության` «20 կոպեկ 1980», «Երեւան կաթ» ՍՊԸ արտադրության` «Շոկմարի», «Չանախ» ՍՊԸ արտադրության` «Էսկիմո», «Ա.Ավետիսյան ԱՍԱ» ՍՊԸ արտադրության «Իլյուզիա ելակի» եւ «Պանդա», «Արմսվիթ» ՍՊԸ արտադրության «Այսբերգ», «Ռիթմ», «Սվիթ», «Կոռնետ», «Սոլո» եւ «Սկյուռիկ» անվանումներով պաղպաղակների փաթեթավորման վրա մակնշված չի եղել արտադրության ժամկետը:
Տնտեսվարողնների այս գործողությունները որակելով որպես սպառողին մոլորեցնելու, ապակողմնորոշելու փորձ եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն` ՏՄՊՊՀ-ը որոշում կայացրեց այդ ընկերությունների նկատմամբ նշանակել տուգանք` 500 000-ական դրամի չափով: Ինչպես նաեւ դադարեցնել եւ հետագայում բացառել օրենքի խախտմամբ պաղպաղակների իրացումը` 20-օրյա ժամկետում դրանք հանելով շրջանառությունից:
Իսկ «Ա.Ավետիսյան ԱՍԱ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի որոշմամբ ստացավ նաեւ նախազգուշացում եւ խախտումները հետագայում բացառելու հանձնարարություն` անբարեխիղճ մրցակցության մեկ այլ գործողության` իր արտադրած «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբ», «Յուվենտուս» պաղպաղակների փաթեթավորման վրա այլ ընկերությունների սեփականությունը հանդիսացող միջազգայնորեն գրանցված ապրանքային նշանների օգտագործման համար:
Դիտանցումների արդյունքում Երեւանյան որոշ վաճառակետերում հայտնաբերվել էին նաեւ առանց արտադրման ժամկետի մակնշման «Նատֆուդ» ՍՊԸ արտադրության «Բիելլա» ապրանքային նշանով`«Պրիմա», «Լինդա» ՍՊԸ արտադրության «Բժշկական» եւ «Պանսետտա», ինչպես նաեւ «Առդելիկատես» ՍՊԸ արտադրության «Ռոզետ լիոնական» երշիկներ եւ նույն ընկերության արտադրության «Կաթնային» ու «Մալյուտկա» նրբերշիկներ:
Այս տնտեսվարողների գործողությունները եւս որակելով որպես սպառողին մոլորեցնելու, ապակողմնորոշելու փորձ եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն` Հանձնաժողովը որոշում կայացրեց այդ ընկերությունների նկատմամբ նշանակել տուգանք` 500 000-ական դրամի չափով, դադարեցնել եւ հետագայում բացառել օրենքի խախտմամբ ապրանքների
իրացումը` 20 օրվա ընթացքում դրանք հանելով շրջանառությունից:
Նիստի ընթացքում պատասխանատվության ենթարկված ընկերությունների
ներկայացուցիչներից ոմանց այն դիտարկմանը, թե մակնշման բացակայությունը փոքրիկ վրիպակի արդյունք է, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հակադարձեց.
«Դուք գործ ունեք սննդամթերքի արտադրության, հետեւաբար եւ սպառողների առողջության հետ: Գուցե Ձեզ համար սա փոքրիկ հարց է, բայց մեզ համար շատ մեծ խնդիր է եւ մենք այսուհետ եւս հետեւողական ենք լինելու, որպեսզի մակնշման պահանջները կատարվեն»:
Այս մասին տեղեկացնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը: