Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանի՝ մոսկովյան այցի հիմնական շեշտը լինելու է միջանցքի վրա․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)

«Անկեղծ ասած, ամեն Ռուսաստան մեկնելու առիթով մեծ անհանգստություն ենք ունենում, որովհետև չգիտենք, թե ինչ նոր ստորագրված, գրավոր կամ բանավոր արդյունքով է նա վերադառնալու։ Ամենայն հավանականությամբ, այս այցի հիմնական շեշտը միջանցքն է լինելու, որովհետև այլ պահանջ ՌԴ-ն չունի, որովհետև ինչ ուզել, ստացել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ վաղը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին,  ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր»,- նշված է մոսկովյան այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ասաց, որ դրանցից «5 րոպե առաջ Ընտրական օրենսգիրքը փոխեցին, ինչի արդյունքում հանցավոր ռեժիմը կարողացավ վերադառնալ ԱԺ»։

Նա գտնում է, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել և հավատում է այն տեղեկություններին, թե որոշ ուժերի կողմից մինչև 100 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել։ ՆԿարապետյանցը նաև գտնում է, որ իրավապահ համակարգը, հատկապես՝ Ոստիկանությունը, բավարար կամք չդրսևորեց կաշառքի դեպքերը հայտնաբերելու և բաժանումը կանխելու համար, քանի որ չգիտեր, թե ով է գալու իշխանության։

ՆԿարապետյանցը նաև անդրադարձավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին։ Նա գտնում է, որ իշխանությունները դա ուշացրել են, քանի որ հեղափոխությունից հետո 3 տարիների ընթացքում նման գույք ունեցողներն էլ ավելի խորն ու անհասանելի են թաքցրել այդ միջոցները։

 

Մանրամասները՝   տեսանյութում