Եւ նվազել է, եւ աճել
Հայաստանի տնտեսությունն այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 3.1 տոկոսով: Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 204 մլրդ դրամ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Նախորդ ամիս աճը կազմել էր 4 տոկոս: Այսինքն` ամսվա կտրվածքով տնտեսությունը գրեթե 1 տոկոս անկում է արձանագրել:
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-օգոստոսին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության եւ շինարարության:
8 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 503.9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.5%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 18 տոկոսով` կազմելով 292 մլրդ դրամ:
Մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 0.3%՝ կազմելով 641 մլրդ դրամ։
Շինարարության ոլորտում արձանագրվել է 2.4 տոկոս անկում, չնայած նախորդ ամսվա համեմատ այն ավելացել է 11.4 տոկոսով: Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 7.2%:
Հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 2958.7 մլն դոլար, ինչը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 25.3%-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 43.8 %-ով՝ կազմելով 598.1 մլն դոլար, իսկ ներմուծումը ավելացել է 21.3%-ով՝ կազմելով 2360.6 մլն դոլար:
Ի դեպ, պաշտոնական գրանցված գործազուրկների թիվը այս ժամանակահատվածում նվազել է 2.4 տոկոսով: Այսինքն` Հայաստանում 82 600 մարդ աշխատանք չունի: