Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը` արբիտրաժային կենտրոն (տեսանյութ)

Տնտեսություն
a0f9edaf9a514f7d193e5b5e8518f54d

Տնտեսական դատարանների զարգացման առումով Հայաստանն այսօր առաջատարների ցուցակում չէ: Մեր երկրում առեւտրային արբիտրաժային ծառայությունների զարգացման համար խոչընդոտները հաղթահարված չեն. ոլորտում գրեթե չկան համապատասխան մասնագետներ, չեն իրականացվում լուրջ օրենսդրական փոփոխություններ, բնակչությունն էլ չի վստահում դատարաններին:

Այս հարցերը այսօր հայ եւ արտասահմանցի փորձագետները քննարկեցին «Առեւտրային արբիտրաժային ծառայությունների զարգացումը Հայաստանում» թեմայով հատուկ աշխատաժողովի ժամանակ:

Հայ փորձագետները, սակայն, համարում են, որ վերոհիշյալ խնդիրները հաղթահարելուց հետո, մեր երկիրը արբիտրաժային ծառայությունների մատուցման գործում կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն:

Հայաստանում տնտեսական դատարանների անհրաժեշտության մասին իր ելույթում խոսեց Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
«Խնդիրն այն չէ, որ մենք արբիտրաժը համարում ենք ավելի լավը, քան դատարանները: Սակայն սա անհրաժեշտ է որոշ տարաբնույթ վեճեր առավել արդյունավետ լուծելու համար» ,- նշեց նա:

Նախարարը վստահեցրեց, որ քայլեր այդ ուղղությամբ արվում են եւ առաջինը սկսելու են կրթական համակարգից` դասախոսներ փնտրելուց: Լուրջ քննարկման թեմա է նաեւ ֆինանսական ներդրումները:

«Նախաձեռնություն անպայման կլինի: Չկան ավանդույթներ, չկա փորձ, մենք պետք է կարողանանք հասկանալ ձեւավորման խոչընդոտները, որպեսզի դրանց վերացման ուղղությամբ աշխատենք: Եղած փորձը բավարար չէ զարգացման ճշգրիտ ուղիների մշակման համար»,-ընդգծեց նա:

Իսկ «Բեյքեր» եւ «Մաքքենզի» իրավախորհրդատվական գրասենյակի միջազգային արբիտրաժային խմբի համանախագահ Հրանտ Հանեսյանը հիմնական խնդիր համարեց դատական թերի ընթացակարգերը: Ըստ նրա, դրա պատճառը հայ դատավորների ոչ բավարար կրթվածությունն է:
Առեւտրային արբիտրաժի արտասահմանցի եւ հայ փորձագետները միաժամանակ ընդգծեցին, որ ոլորտը զարգացնելով` Հայաստանը կլավացնի հարաբերությունները հարեւանների` այդ թվում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Փարիզ II Պանթեոն-Ասսաս համալսարանի դասախոս պրոֆեսոր Կատրին Քեսսեջյանը, օրինակ, կարծիք հայտնեց, որ այն կօգնի հատկապես Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: