Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի ընկերությունները` գերիշխող

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

«Մայրական կաթին փոխարինող կերերի» ապրանքայի շուկայում տեղի է ունեցել գերիշխող դիրք գրավող սուբյեկտի փոփոխություն:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուսումնասիրելով մանկական սննդի շուկան, բացահայտել է կենտրոնացվածության բարձր աստիճան, իսկ ապրանքային շուկաներում գործող խոշոր ընկերություններին գրանցել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում:

Նշված շուկայում այժմ գերիշխող են ճանաչվել «Ալեքս Գրիգ», «Սլավեքս», «Նյու Ֆորս» ընկերությունները, որոնք գրավում են շուկայի 90.77 տոկոսը` նախկինում գրանցված «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ -ի փոխարեն: Վերոնշյալ երկու ընկերությունները պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությունները գերիշխող դիրք են գրավում նաեւ «Մանկական խյուսեր (պյուրեներ)» եւ «Մանկական հյութեր» ապրանքային շուկաներում: Օրինակ, ըստ հանձնաժողովի` նախկինում միանձնյա գերիշխող դիրք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունն այսուհետ այդ հորիզոնականը կկիսի «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հետ` միասին գրավելով շուկայի 99.53 տոկոսը:

«Մանկական հյութեր» շուկայի 100 տոկոսը գրավել են այս նույն ընկերությունները: Նախկինում այս շուկայում գերիշխող դիրք էր գրավում «Սալեքս Գրուփ» ընկերությունը` 60.6 տոկոսով: Փաստենք, որ վերջին ընկերությունը եւս Սամվել Ալեքսանյանին էր պատկանում, սակայն լուծարվեց:

Հանձնաժողովը բացահայտել է, որ «Պաստերիզացված եւ ստերիլիզացված (մանրեազերծված) կաթի» շուկայում գերիշխող դիրքում են «Դուստր Մարիաննա», «Աշտարակ-Կաթ» եւ «Չանախ» ընկերությունները` գրավելով շուկայի 69.4 տոկոսը:
«Թթվասեր» ապրանքային շուկայում գերիշխող դիրք են գրավում «Դուստր Մարիաննա» եւ «Աշտարակ-Կաթ» ընկերությունները` միասին գրավելով շուկայի 85.1 տոկոսը:

«Պաղպաղակ» ապրանքային շուկայում նույնպես գերիշխող դիրք գրավող ընկերությունները երեքն են` «Թամարա», «Աշտարակ-Կաթ» եւ «Գրանդ Քենդի»:

Ի դեպ, հանձնաժողովն այսօր հերթական նիստում որոշեց անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոց կիրառել «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ` կիրառելով տուգանք 500 000 դրամի չափով, հանձնարարել Ընկերությանը դադարեցնել եւ հետագայում բացառել գովազդի ընթացքում հասարակության մոլորեցմանը հանգեցնող գործողությունները կամ վարքագիծը եւ փոխհատուցել անբարեխիղճ մրցակցության հետեւանքով տուժած սպառողների կրած վնասները: