Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Թոթովենցի հայաշատ Բաքվում չկար ադրբեջանցի հասկացությունը (տեսանյութ)

Մեկնարկեց Գրքի երևանյան չորրորդ փառատոնը։ Կազմակերպիչը «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպություն է աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Նկարիչների միության շենքում, «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում  երեք օր տեղի կունենան տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, հանդիպումներ։ Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով:

Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:

Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որի ընթացքում  հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

«Էջ» հրատարակչության տնօրեն Էմմա Կիրակոսյանի խոսքով, պետք է կոտրել այն միֆը, որ մենք չունենք ժամանակակից գրողներ:

«Ունենք, և հատկանշական է, որ այս տարի, ցավալի իրադարձություններից հետո մենք ունենք գրականության ոլորտում հաղթանակ: Արամ Պաչյանի «P/F» վեպը արժանացավ Եվրոպական Միության Գրական մրցանակին: Առաջին անգամ հայ ժամանակակից հեղինակի գործ ներկայացվեց և մրցանակ շահեց»:

Թվային իրողության ժամանակներում ինչպե՞ս երեխաներին, երիտասարդներին բերել դեպի գիրք, հարցին Էմման պատասխանում է. «Ես նաև դասավանդում եմ և, երբ իմ աշակետները հարցնում են, թե ինչի են պետք գրքերը, եթե կարելի է «գուգլել» ու գտնել ցանկացած ինֆորմացիա, ես նրանց պատասխանում եմ, որ կա ինֆորմացիա և կա գիտելիք: Եվ, ի վերջո, ընթերցանությունը զարգացնում է ուղեղի նեյրոնային ցանցը և սինթեզային մտածելակերպը: Առանց դրա անհնար է ունենալ գրագետ, զարգացած, ապագայի մասին մտածող հասարակություն»:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել էր նաև վերջերս հրատարակված Վահան Թոթովենցի «Բաքու» վեպը՝ սիրո, նավթի, սև փողերի, կարգերի բախման և այլ մութ անցքերի մասին. հայաշատ Բաքու, որտեղ, նույնիսկ չկար ադրբեջանցի հասկացությունը: Վեպը առաջին հրատարակությունից հետո արգելվել էր և ութսուն տարի մոռացության էր մատնվել: 

«Այս պահին Վահան Թոթովենցի «Բաքու» վեպը երևանյան բեսթելերների ցուցակում է»,- նշում է հրատարակչության աշխատակից Քրիստինե Չիլինգարյանը: