Երեւանում հերթական բարձրահարկի փոսը փորել են․ քաղաքապետարանից ասում են՝ թույլտվություն դեռ չեն տվել
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն երկու ամիս է՝ առավոտյան 9-ից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, բացառությամբ կիրակիների, 16 թաղամասում (Նորաշեն) աղմուկ եւ փոշի է։ Մեքենաները, դուրս գալով նախկին մանկապարտեզի տարածքից, տեղափոխում են քար ու հող։ Ինչ է տեղի ունենում քարե բարձր պարսպներից այն կողմ, դժվար է ասել, չկա որեւէ պաստառ ու ցուցանակ։ Այդ պարիսպները փակ են եւ բացվում են՝ միայն բեռնատարների ելումուտի ժամանակ։
Բայց եթե բարձրանաք հարեւանությամբ գտնվող բարձրահարկերից որեւէ մեկը, կնկատեք, որ տարածքը վերածվել է շինհրապարակի։
Ինչ է կառուցվում՝ հարցի պատասխանը ստանալու համար «Ա1+»-ը գրավոր հարցում ուղարկեց Երեւանի քաղաքապետարան։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի հ.47/5 հասցեում գտնվող՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ, 0.29 հա մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արսեն Արարատի Եսայանին /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական հ.1205.2021-01-0162/:
Վերը նշված հասցեում բնակելի շենքի կառուցման համար կառուցապատող Արսեն Եսայանին 21.06.2021 թվականին տրվել է հ.01/18-07/2-75724-529 նախագծման թույլտվություն, որով նախատեսված է կառույցն իրականացնել համահարթեցման նիշից՝ ստորգետնյա և մինչեւ 16 վերգետնյա հարկերով, սակայն նշված ՃՀԱ-ի հիման վրա դեռևս նախագիծ չի համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև չի տրվել շինարարության թույլտվություն:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի կողմից 22.07.2021 թվականին՝ 6 ամիս ժամկետով, տրվել է հ.01/18-Ե-1252-46 քանդման թույլտվությունը՝ նշված հասցեում առկա /նաև վկայականում ամրագրված/ 98.58 քմ մակերեսով ինքնակամ շինությունը քանդելու համար»,- նշվում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պատասխանում։
Ըստ քաղաքապետարանի՝ քանդման թույլտվությունը տրվել է հուլիսի 22-ին, մինչդեռ այս լուսանկարն արվել է հուլիսի 17-ին, երբ քանդման աշխատանքներն օրեր առաջ արդեն սկսվել էին։ Փոսն էլ, ակնհայտ է, ընդամենը 98.58 քմ մակերեսով ինքնակամ շինությունը քանդելու հետեւանքով չէ, որ առաջացել է։
Շենքը կառուցվում է մի թաղամասում, որտեղ կան մի քանի կիսակառույցներ։ Ասում են՝ դրանց կառուցումը կիսատ է մնացել, քանի որ սեյսմիկ մասնագետների գնահատականներով՝ այս թաղամասում այլեւս վտանգավոր է 16 հարկանի շենքերի կառուցումը։ Թաղամասի վերջին նորակառույցը 16 հարկանի չէ՝ ի տարբերություն հարեւան շենքերի։
Ի դեպ, բնակիչները չգիտեին՝ ինչ է տեղի ունենում պարիսպներից այն կողմ։ Մեկը լսել էր՝ եկեղեցի է կառուցվում, մյուսին թվացել էր՝ նորից մանկապարտեզ են վերաբացելու։