Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa 31.08.
A A
Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը` շախմատի Եվրոպայի առաջնության նոր առաջատար

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում փոխվեց առաջատարը:

 Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող մեր գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 5-րդ մրցափուլում սևերով պարտվեց Ռաուֆ Մամեդովին: Ադրբեջանցիշախմատիստը վաստակեց 4,5 միավոր և շրջանցեց նրան:

 Նույնքան միավոր ունեն նաև Հովհաննես Գաբուզյանը և ֆրանսիացի Մաքսիմ Լագարդը: Մեր շախմատիստն ընթացիկ տուրում սևերով հաղթեց խորվաթ Իվան Սարիչին: Այսօր նա սպիտակներով կմրցի Գերմանիան ներկայացնող ռումինացի շախմատիստ Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցն է լեհ Կաչպեր Պիորունը:

 Հայաստանի մնացած երեք շախմատիստները` Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը, 5-րդ տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Առաջին երկուսը 3,5 միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 28-րդ և 32-րդ տեղերը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը 3 միավորով գտնվում է 55-րդ հորիզոնականում: