A
A
Զվարթնոց օդանավակայանում վայրէջք է կատարել Հալեպ-Երևան-Հալեպ չվերթով ժամանած առաջին օդանավը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Cham Wings ավիաընկերության օդանավը ՝ մեկնարկելով Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդմամբ՝ ավիաընկերության օդանավը դիմավորեցին ջրային կամարով: ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմադ Հաջ Իբրահիմը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս թռիչքը մի ժամանակ առաջ էր որոշվել, սակայն, լոգիստիկ հարցերից ելնելով, հետաձգվեց: «Հիմա երբ ամեն բան կարգավորվեց, որոշվեց իրականացնել այս չվերթը»,- ասաց դեսպանը:
Հայաստանում Cham Wings-ի ներկայացուցիչ և գլխավոր տնօրեն Վաչե Փիլիպոսյանը նշեց, որ Երևան ժամանած ինքնաթիռը տեղափոխել է 147 ուղևոր: Նա հայտնեց, որ այս պահին ընկերությունը պլանավորում է շաբաթական մեկ չվերթ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ:
Առաջին չվերթով ժամանած ուղևորներից մեկը՝ Անի Մելքոնյանը նշեց, որ ուրախ էր սիրիական ավիաընկերության օդանավով ժամանել հայրենիք: «Մեկ տարի առաջ էի վերջին անգամ Հայաստանում եղել, ուրախ եմ կրկին հայրենիքում լինելու համար»,- նշեց Անին: