Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ashxarh
A A
Սպորտ

Անգլիան անկասելի է, իսկ Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան` խոցելի. ԱԱ-2022

2022թ ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտում կայացան ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

 

Ընտրական A խմբում Սերբիան իր հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց Լյուքսեմբուրգին և վաստակած միավորներով (10) հավասարվեց առաջին տեղում գտնվող Պորտուգալիային:

B խմբում առաջին տեղ բարձրացավ Իսպանիայի ընտրանին, որը սեփական դաշտում խոշոր 4:0 հաշվով հաղթեց Վրաստանին և վաստակեց 10 միավոր: Սակայն, 2-րդ հորիզոնականում գտնվող Շվեդիան նախ երկու խաղ քիչ է անցկացրել, բացի այդ ունի 9 միավոր:

C խմբի առաջատար Իտալիայի հավաքականն այս տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի` 0:0 խաղաց Շվեյցարիայի հետ: Իտալացիները սահմանեցին համաշխարհային նոր ռեկորդ` անպարտելի մնալով 36 հանդիպումներում: Եվրոպայի չեմպիոնն այժմ ունի 11 միավոր, սակայն նրան հաջորդող Շվեյցարիան վաստակել է 7 միավոր և երկու հանդիպում քիչ է անցկացրել:

Ընտրական D խումբը 9 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, որն ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հետ` 1:1: Սակայն, ֆրանսիացիներին հետապնդող ֆինները կարող են նրանց շրջանցել, քանի որ երկու հանդիպում պակաս ունեն, իսկ երեք խաղից հետո վաստակել են 5 միավոր:

E խմբի ընդգծված առաջատար դարձավ Բելգիայի ընտրանին, որը սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց իրեն հետապնդող Չեխիային և միավորների տարբերությունը հասցրեց 6-ի: Բելգիացիների հետ առաջին տեղի համար պայքար կմղի Ուելսի հավաքականը, որը հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Բելառուսի նկատմամբ և վաստակեց 6 միավոր: Ուելսցիները երկու խաղ քիչ են անցկացրել, քան բելգիացիները:

F խմբում անհասանելի է Դանիայի ընտրանին, որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Ֆարերյան կղզիների ընտրանու նկատմամբ և տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Երկրորդ տեղում գտնվող Իսրայելի հավաքականն ետ է մնում 5 միավորով:

G խմբում մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Թուրքիան, որը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին և միավորների քանակը հասցրեց 11-ին: Նրան հաջորդող Նիդեռլանդները սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեցին Չեռնոգորիային և պահպանեցին մեկ միավորի տարբերությունը:

H խմբում առայժմ պահպանվում է երկիշխանությունը: Ռուսաստանի և Խորվաթիայի հավաքականները հաղթեցին համապատասխանաբար Կիպրոսին (2:0) ու Սլովակիային (1:0) և վաստակեցին 10-ական միավոր:

Ընտրական I խմբում մեծ թափ է հավաքել Անգլիայի հավաքականը, որը սեփական դաշտում 4:0 հաշվով պարտության մատնեց Անդորային և տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Անգլիացիներին շարունակում են հետապնդել լեհերը, որոնք այս տուրում 7:1 հաշվով ջախջախեցին Սան Մարինոյին և վաստակեցին 10 միավոր:

J խմբում փոխվեց առաջատարը: Գերմանիայի ընտրանին իր հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց Հայաստանին և 12 միավորով սկսեց գլխավորել աղյուսակը: Մեր թիմը 10 միավորով այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը: Ռումինիայի ազգային թիմը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Լիխտեյնշտեյնին, վաստակեց 9 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական` շրջանցելով Հյուսիսային Մակեդոնիային, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ` 2:2:

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 6-րդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 7-ին և 8-ին: