Խոսեպ Գվարդիոլան հայտնվել է «Պանդորայի թղթերի» ցուցակում
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այն հայտնի մարդկանցից մեկն է, որը հայտնվել է հետաքննող լրագրողների միջազգային ընկերության կողմից հրապարակած «Պանդորայի թղթեր» անվանումը կրող ցուցակում: Այստեղ ընդգրկված են բոլոր այն հայտնի մարդիկ, որոնք խոշոր գումարներ են պահել օֆշորային գոտում` իրենց շահույթները ցույց չտալու և հարկեր չվճարելու համար:
Պարզվում է, որ Խոսեպ Գվարդիոլան 500 հազար եվրո է պահել Անդորայի բանկում, որը համագործակցում է Պանամայում գտնվող օֆշորային ընկերության հետ: Նա այդ գումարը ստացել է 2003-2005թթ, երբ խաղալիս է եղել Քաթարի «Ալ-Ահլի» թիմում:
Իսպանացի մարզչի հարկային խորհրդատու Լուիս Օրոբիտն այդ կապակցությամբ ասել է, որ պանամական ընկերությունը ոչ մի կապ չի ունեցել ոչ «Բարսելոնայի», ոչ էլ իր հաճախորդի հետ: «Խոսեպ Գվարդիոլան Պանամայում բիզնես ստեղծելու ծրագրեր չունի», - ասել է մարզչի խորհրդականը:
Հավելենք, որ 2016 թվականին նույնպես հրապարակվել է նման կարգի ցուցակ, որում ընդգրկվել էին ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին:
