Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Թե Հայաստանը ինչ է զիջել ռազմագերիների դիմաց, մենք չգիտենք․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

«Կարծում եմ, երկկողմանի զիջումների գործընթաց է գնում, իսկ թե Հայաստանը ինչ է զիջել ռազմագերիների դիմաց, մենք չգիտենք։ Հակառակ դեպքում որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է գնար այդ քայլին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանից 5 գերիների վերադարձին։

Մինչ այդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե պատրաստ է փոխանցել բոլոր քարտեզները, եթե Ադրբեջանը կվերադարձնի բոլոր գերիներին։ Արդյո՞ք քարտեզներ են փոխանցվել։

«Կամ այլ բան է, կամ քարտեզների խոստում է եղել։ Սա այն թեման է, որի շուրջ իշխանությունների կողմից թափանցիկություն չկա, և միգուցե դա արդարացված է։ Չեմ բացառում, որ ընդհանուր առմամբ դրական գործընթաց է գնում»,- հավելեց ԲՆավասարդյանը։

Վերջինս անդրադարձավ նաև Թուրքիայի ու Ռուսաստանի կողմից առաջ քաշված «3+3» մոդելին և ասաց, թե ցանկացած ձևաչափ, որը նվազեցնում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի մասնակցությունը մեր տարածաշրջանային գործընթացներում, Հայաստանի համար վտանգավոր է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այս շաբաթ Թբիլիսիում պատասխանելով այդ նախաձեռնությանը՝ Վրաստանի հնարավոր մասնակցության հարցին՝ ասել է․

«նախքան ցանկացած նոր հարթակի մասին խոսելը, ՌԴ-ն, որը օկուպացրել  է Վրաստանի տարածքի 20% -ը, պետք է կատարի 2008թ հրադադարի պայմանագիրը»:

Այդ այցի ժամանակ Օսթինն ու Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտպանական գործընկերության հուշագիր էին ստորագրել։ Արդյոք այդպիսով ԱՄՆ-ը ազդարարում է անմիջական մուտք Հարավային Կովկաս։

«ԱՄՆ-ն կորոշի՞ այստեղ այլ ներկայություն ունենալ բացի Թուրքիայից, պարզ կլինի, եթե, ասենք՝ Վրաստանում բացվի ամերիկյան ռազմակայան։ Համաձայնագրի ստորագրումը կարելի է դիտարկել որպես այդ ուղղությամբ մտածելու մտադրություն։ Բայց դա շատ հանգամանքներից է կախված, աշխարհաքաղաքական հայեցակարգերից, որոնք ԱՄՆ-ում կմշակվեն Հարավային Կովկասի նկատմամբ։ Նաև ֆինանսական հնարավորությունների հարց է։ Եթե ռազմակայանը ստանում է համապատասխան ֆինանսավորում, դա նշանակում է շատ մեծ խաղադրույքներ են այնտեղ դրվում»,- հավելեց ԲՆավասարդյանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում։