Անգլիական գերիշխանություն, իսպանական` ֆիասկո. ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ի հայտ եկան փլեյ-օֆֆի ևս երկու մասնակից: Դա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» են:
Մանչեսթրցիները հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթելով «Վիլյառեալին», վաստակեցին 10 միավոր և ապահովեցին 1-ին տեղը: Նրանց կարող են հասնել միայն իսպանացիները, սակայն վերջինները զիջում են անձնական հարաբերություններում: Այս խմբում (F) երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Վիլյառեալն» ու «Ատալանտան», որոնք վերջին տուրում կհանդիպեն իրար հետ Իտալիայում:
H խմբում հանդես եկող Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում անսպասելի հեշտ հաղթանակ տարավ իտալական «Յուվենթուսի» նկատմամբ` 4:0: Երկու թիմերը վաստակցին 12-ական միավոր և ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչ փուլում:
E խմբի առաջատար Մյունխենի «Բավարիան» Կիևում 2:1 հաշվով առավելության հասավ տեղի «Դինամոյի» նկատմամբ և տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Այստեղ երկրորդ տեղի համար կպայքարեն իսպանական «Բարսելոնան» ու պորտուգալական «Բենֆիկան», որոնք այս տուրում ոչ-ոքի` 0:0 խաղացին իրար հետ: Կատալոնյան ակումբն այժմ 7 միավորով ընթանում է 2-րդ տեղում, սակայն վերջին տուրում հանդիպելու է «Բավարիայի» հետ: Իսկ ահա 5 միավոր ունեցող «Բենֆիկան» 6-րդ տուրում կհյուրընկալի Կիևի «Դինամոյին»: «Բարսելոնան» միայն հաղթանակի դեպքում կարող է ապահով զգալ իրեն, հակառակ դեպքում պորտուգալական ակումբը կարող է նրանց շրջանցել, անգամ հավասար քանակության միավոր վաստակելու դեպքում:
Ամենախճճված իրավիճակ ստեղծվել է G խմբում: «Լիլն» իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Զալցբուրգին», իսկ «Սևիլյան»` «Վոլֆսբուրգին»` 2:0: Այդպիսով, 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում են ֆրանսիացիները: Ավստիացիները նրանցից ետ են մնում մեկ միավորով, իսպանացիները` երկու, գերմանացիները` երեք: Վերջին տուրում «Լիլը» կհյուրընկալվի «Վոլֆսբուրգին», իսկ «Սևիլյան»` «Զալցբուրգին»: Դա նշանակում է, որ բոլոր թիմերն էլ կարող են մտնել փլեյ-օֆֆ կամ դուրս մնալ:
Այսօր կկայանան 5-րդ տուրի մնացած 8 հանդիպումները: