Գեղամ Գրիգորյան 70․ հոբելյանական համերգ՝ լի սիրով ու ջերմությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 21-ին տեղի ունեցավ լեգենդար հայազգի տենոր Գեղամ Գրիգորյանի հոբելյանական գալա- համարգը: Այն կայացավ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգը տեղի ունեցավ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջինիս սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և Գեղամ Գրիգորյանի վաղեմի ընկեր, գործընկեր, իտալացի անվանի դիրիժոր Անտոնելլո Ալլեմանդիի ղեկավարությամբ:
«Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այս հիացական խոսքերով են բնութագրում մեծ օպերային երգչին միջազգային երաժշտական մամուլը, քննադատները, հանդիսատեսը, գործընկերներն ու ընկերները: Մասնագետների կարծիքով, նա իր ժամանակների լավագույն հինգ տենորներից մեկն էր». այս խոսքերով համերգը բացեց և ողջ ընթացքում վարեց միջազգային մեծ համբավ ունեցող օպերային դիվա, Գեղամ Գրիգորյանի երկարամյա խաղընկեր և ընկեր Հասմիկ Պապյանը: Արևմտաեվրոպական և հայկական օպերային հայտնի արիաներով, նեապոլիտանական ու հայկական սիրված երգերով հանդես եկան համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգիչներ Հասմիկ Պապյանը (սոպրանո), Բարսեղ Թումանյանը (բաս), Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Լիանա Ալեքսանյանը (սոպրանո, Գերմանիա), Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա),
Հովհաննես Այվազյանը (տենոր) և Խաչատուր Բադալյանը (տենոր, Ռուսաստան): Ներկայացվեց հատուկ այս հոբելյանական երեկոյի համար Արսեն Մեհրաբյանի բեմադրած բալետային համարը՝ Աննա Քալաշյանի կատարմամբ: Տեսաուղերձով համերգին միացավ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով ջերմ և շատ զգացմունքային խոսքերով վերհիշեց իր վաղեմի ընկերոջը, խաղընկերոջը և մեծն տենոր ու արտիստ Գեղամ Գրիգորյանին՝ ուրախությամբ նշելով, որ այժմ նրա անունը շարունակում է միջազգային օպերային ասպարեզում բարձր պահել ու պատվով կրել երգչի դուստրը՝ Հասմիկ Գրիգորյանը:
Դահլիճում բոլոր ներկա գտնվողները հուզված էին. թե՛ հանդիսականները, որոնք մեծ արտիստի տաղանդի և արվեստի երկրպագուներն էին, թե՛ բեմում գտնվող արտիստները, ովքեր Գրիգորյանի խաղընկերներն էին կամ արտիստներ, ում համար Գրիգորյանն ուղեցույց է եղել մասնագիտության մեջ, ինչպես նաև հիացմունքի ու հպարտության առիթ ու պատճառ:
Ողջ համերգի ընթացքում, գրեթե ֆիզիկապես, զգացվում էր Գեղամ Գրիգորյանի ջերմ ներկայությունը: Բեմի վրա տեղադրված մեծ էկրանից ունկնդիրներին էր նայում վարպետի նկարը՝ խորաթափանց ու կյանքով լի հայացքով: Գործընկերների կատարումների միջև հնչում էր Գրիգորյանի ‹‹Ոսկյա տենորը››՝ Սայաթ-Նովայի, Կալաաֆի, Կավարադոսիի արիաների և իր սիրելի Երևանի մասին երգի կատարումներով: Տպավորություն էր, թե ուր որ է կուլիսներից ներս կմտնի ինքը՝ Վարպետը, և իր արևոտ ձայնով կողողի համերգասրահի ամեն մի անկյունը:
Համերգը եզրափակվեց երեկոյի համար այնքան խորհրդանշական իտալական հայտնի ‹‹Un amore così grande ›› (‹‹Այսքան մեծ սեր››) երգով՝ բոլոր մասնակիցների համատեղ կատարմամբ, որոնց էկրանից միացավ Գեղամ Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանի 70-ամյակի հոբելյանական համերգը, հիրավի, հիշատակի և գնահատանքի երեկո էր՝ ուղղված մեծ արտիստին, հային և անձնավորությանը՝ ով կերտել է ժամանակաշրջան, իր հետքն է թողել համաշխարհային օպերային կատարողական արվեստի պատմության մեջ, ով եղել է օրինակ և ուղեցույց, կրթել է սերունդներ և ճանապարհ հարթել իրենից հետո եկողների համար: Նրա անունը հայ ազգի մշակութային անձնագրերից է, ում ճանաչում և հիշում են աշխարhի տարբեր մասերում: