Բացել լրահոսը Փակել լրահոսը
653060213_1251110423810809_3981363978655908224_n
A A
Պաշտոնական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։
 
«Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա հովվապետությունը նշանավորվեց Վրաստանում հոգևոր կյանքի վերազարթոնքով, եկեղեցական կյանքի զորացմամբ և աշխուժացմամբ։ Դժվարին ժամանակներում երջանկահիշատակ Պատրիարքը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցագրում։
 
Վեհափառ Հայրապետն Ամենակալ Տիրոջ մխիթարությունն է հայցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականությանն ու վրաց սգակիր բարեկամ ժողովրդին՝ մաղթելով, որ Նորին Սրբության հիշատակը միշտ վառ մնա հավատավոր իր զավակների սրտերում և ներշնչման աղբյուր դառնա գալիք սերունդների համար։