Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսության աճը ավելի է դանդաղում

Տնտեսություն
9eef88f186417f08d094c301a322e03c

Հայաստանի տնտեսությունը սկսել է դանդաղ աճել: Այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տվել, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին տնտեսությունը աճել է ընդամենը 2.4 տոկոսով: Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 275 մլրդ դրամ: Նախորդ ամիս աճը կազմել էր 2.8, իսկ դրանից առաջ` 3.1 տոկոս:

Այսինքն` ամսվա կտրվածքով տնտեսությունը գրեթե կես տոկոս կրկին անկում է արձանագրել:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության եւ շինարարության, ինչպես նախորդ ամիս:

10 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 653.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 9.8%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 16.8 տոկոսով:

Մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 0.7%՝ կազմելով 859.2 մլրդ դրամ։

Շինարարության ոլորտում արձանագրվել է 5.1 տոկոս անկում: Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 6.3 %:

Հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 3795.4 մլն դոլար, ինչը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 21.1%-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 41.3 %-ով՝ կազմելով 793.9 մլն դոլար, իսկ ներկրումը ավելացել է 16.7 %-ով՝ կազմելով 2678.4 մլն դոլար: