Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր օլիգարխները բանան վաճառողներ են» (տեսանյութ)

Տնտեսություն
4ab40062db5ece2221a5261085bb2aff

Բանկային համակարգն այսօր առողջ է եւ որոշակի դեր ունի տնտեսության մեջ, սակայն այդ դերը ֆինանսական թույլ շուկայի պատճառով այնքան էլ էական չէ:

Այսօր լրագրողների հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն` ավելացնելով, որ բանկերն այսօր պետք է առաջադիմական դեր խաղային, առաջ քաշեին տնտեսությունը. «Մինչդեռ բանկերն այսօր գտել են իրենց նիշան հասարակության մեջ, ասենք` բարձր տոկոսադրույքներով վարկեր են տալիս ու դրանով բավարարվում: Սա այնքան ոչ թե բանկերի, այլ համակարգային խնդիր է: Խաղաղ գոյատեւման սկզբունք են մեր բանկերը նախընտրել»:

Բանկերի զարգացման վրա, ըստ նրա` ազդում են համակարգային տիպի խնդիրները` ահռելի չափերի հասնող ստվերը, գնաճը, որն այս տարվա վերջ կհասնի մոտ 9-10 տոկոսի, որը բավականին բարձր ցուցանիշ է, մի քանի օլիգարխների ստեղծած ինքնաբավ ֆինանսական համակարգերը: Վերջիններս Բագրատ Ասատրյանի ասելով` ունեն փողի ներքին շրջանառություն, ներքին բանկեր, որոնք ենթակա չեն որեւէ կանոնակարգման եւ ըստ այդմ` ընդհանրապես փողի պահանջ չունեն: «Կես կատակ, կես լուրջ մի բան ասեմ` մեր օլիգարխներն հիմնականում բանան վաճառողներ են, մինչդեռ մի բանկիր օլիգարխ չունենք: Սա իսկապես մեր տնտեսության ողբերգություններից է»,- նկատեց նա:

Պատասխանելով «Ա1+»-ին` տնտեսագետը նշեց նաեւ, որ այսօր բանկային համակարգ է մտնում ոչ հուսալի փող: Իբրեւ օրինակ` նա բերեց Հյուսիսային պողոտան, որը տնտեսագետի վստահեցմամբ` սեւ փողերով է կառուցվել. «Սա տնտեսական փող չէ, սա ջրի բերած փող է, որն այդպես էլ դրսեւորվելու է»:

Նրա ասելով` ինչքան բանկ մտնող փողը կայուն է, տեսանելի, թափանցիկ, այնքան համակարգը զարգացած է. «Եթե 1996թ. հպարտությամբ ասում էինք, որ բանկային կապիտալի 50 տոկոսից ավելին եվրոպական է, սա այն դեպքում, երբ տնտեսությունը նոր-նոր ոտքի էր կանգնում, հիմա էլ ենք նույնն ասում, սակայն այսօր գերակշռողը ռուսական կապիտալն է: Բոլորին հայտնի է, որ ռուսական կապիտալը պատմություն չունեցող կապիտալ է` ընդամենը 15 տարեկան է եւ թափանցիկ չէ»:

Բանկային համակարգի համար անհամեմատ մեծ վտանգ է իրենից ներկայացնում քաղաքական գործոնը, քաղաքական հաշվեհարդարը, որը 2000-2001թթ. կիրառվեց շատ բանկերի դեպքում. «Այս ժամանակահատվածում կապիտալի նվազում եղավ ու բանկերը վնասով աշխատեցին եւ այստեղ ակնհայտ էր, որ քաղաքական գործոններ կային, որն հուսով եմ այսօր կանխվել է»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախաձեռնած «100 քայլ » տնտեսության առողջացման ծրագրին ու այն կիրառելու իշխանությունների պատրաստակամության, ապա Բագրատ Ասատրյանը նշեց, որ հրապարակային ոչ մի լուրջ քայլ էլ չի արվել. «Իշխանություններն ի վիճակի չեն լուրջ քայլեր անելու: Կառավարությունից շատերի հետ աշխատել եմ ու գիտեմ. փակ համակարգ է: ԱԺ-ի մասին ընդհանրապես բան չեմ ցանկանում ասել, ՀԱԿ-ը տնտեսական ավելի շատ նախաձեռնություններով է հանդես եկել, քան նա»:
Ի դեպ, այսօր Դրամի օրն է. 1993թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց դրամը: