Բացել լրահոսը Փակել լրահոսը
273004455_493952952093916_7882350090214837328_n
A A
Տնտեսություն

«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերք չի կարող արտահանվել ՌԴ. ինչ լուծում է գտնվել, ինչ քայլեր են իրականացվում

Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրի մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշեցին՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանի հանրապետությունում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։

«Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի հանրապետության համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», -ասաց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը:

Նա վստահեցրեց՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ: «Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։ Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի հանրապետության տարածքով՝ միայն Վրաստանի հանրապետության հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,- փոխանցեց Անտոնյանը։

 Նա նաև հավելեց, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։

«Մարիաննա» ընկերությունը մածուն է արտահանում Ռուսաստանի Դաշնության շուկա: Ընկերությունն արտահանման համար «մածուն»-ի փոխարեն 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իր արտադրանքի վրա գրում է «Հայկական սարի յոգուրտ»: «Պատճառը Վրաստանի արգելքն է՝ «մածուն» անվանումով արտադրանքը իրենց հանրապետության տարածք մուտք գործելու կապակցությամբ՝ թեկուզ տարանցիկ փոխադրման ժամանակ: 2021-ի երևի օգոստոս-սեպտեմբերին մեր ապրանքը մաքսակետում բարձված կանգնեցրել են և ասել, որ չեն թողնում: Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարարի միջնորդությամբ թույլ տվեցին, որպեսզի այդ խմբաքանակն արտահանվի, բայց հետո փոխեցինք անվանումը: Անցումը, փոփոխությունը շատ արագ կազմակերպեցինք»,-ասաց ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը՝ հավելելով, որ ըստ էության ռուսական կողմից «մածուն» անվան հետ կապված խոչընդոտ չի ներկայացվել, բայց քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է Վրաստանով, այդ դեպքում խնդիր է առաջանում՝ մակնշման հետ կապված:

Ըստ նրա՝ ընտրվել է ամենամոտ անվանումը, որով կարելի էր փոխարինել՝ «հայկական սարի յոգուրտ»: Այդ դիզայնով  այդ արտադրանքը ռուսաստանաբնակ սպառողներն արդեն ճանաչում են: Կարապետյանի տեղեկությամբ՝ Վրաստանը աշխարհագրական նշումը գրանցել է շատ տարիներ առաջ, սակայն մինչև վերջերս պահանջ չի ներկայացվել, արգելք, խոչընդոտ չի եղել:

Հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Ռուսաստանում վաճառքի ծավալների վրա, խնդիրներ կառաջացնի՞ արդյոք, նա պատասխանեց, որ հարցեր շատ են հնչում, թե ինչ է, նույն դիզայնով կարծես թե ուրիշ արտադրանք է: «Բայց ունենք ներկայացուցիչներ, խանութներին էլ տեղեկացնում են փոփոխության իմաստը, որ սպառողը հասկանա, որ դա նույն մածունն է: Խնդիրն այն է, որ մածունը հայկական է, ինչո՞ւ պետք է չկարողանանք այդ անվանումով ներկայանալ: Նաև ստիպված ենք եղել նոր տպագրություն պատվիրել, դա էլ ֆինանսական ծախերի հետ է կապված»,-ասաց նա:

Ընկերությունը փոխել է մածունի միայն արտահանվող խմբաքանակի անվանումը: Տեղական շուկայում այն կշարունակի վաճառվել նույն մակնշմամբ:

Լուսանկարը՝ Հրանտ Բագրատյանի «Ֆեյսբուք»-ի էջից