Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է գնի գազամուղը (տեսանյութ)

Տնտեսություն
4abcefe74f3f6cb63be72d47687bc2ac

Վրաստանը` Ռուսաստան-Հայաստան գազատարի իր տարածքով անցնող հատվածը վաճառելու վերջնական որոշում դեռ չի կայացրել:
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը վստահ է, այդպիսի որոշման դեպքում ցանկացողների թիվը մեծ է լինելու: Նա նկատում է, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ բոլոր ուղղություններով շրջափակման մեջ պահի Հայաստանին, այդ իսկ պատճառով ներկայացնելու է ամենամրցունակ առաջարկը:

Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ ՀՀ կառավարությունը ամեն ինչ պետք է անի, որ մոբիլիզացնի տնտեսության ոլորտի առաջատարներին եւ գնա ամեն ինչի, որ այդ մրցույթին մասնակցեն, եւ գազամուղի այդ հատվածը ձեռք բերի Հայաստանը:

«Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս երբ անհրաժեշտություն առաջացավ ինքնաթիռ ձեռք բերելու համար, գործարարները կարողացան հանգանակել համապատասխան գումար եւ 30 մլն դոլարով կարողացան ձեռք բերել: Սա 100 անգամ ավելի կարեւոր գործարք է, եւ Հայաստանը ոչ մի բանի առջեւ չպետք է կանգնի, որ ձեռք գցի եւ շահեկան առաջարկություն ներկայացնի»,- «Ա1+»-ին ասաց նա:

ՀԱԿ ներկայացուցիչը ցավով նկատում է, որ այդ անհանգստությունը արտահայտող հրապարակային որեւէ հայտարարություն չկա, ընդհակառակը. «Կան այնպիսի հայտարարություններ, որոնք փորձ են անում շեղել հասարակության ուշադրությունը այս կարեւորագույն խնդրից, իսկ ՀԱԿ-ը, ի դեմս տնտեսական հանձնաժողովի, բազմիցս անդրադարձել է այս հարցին: Եթե շահեկան առաջարկություն ներկայացնենք, կարող ենք հաղթել, մենք ամեն բան պետք է անենք, որ այդ հատվածը չանցնի Ադրբեջանին»:

Վլադիմիր Կարապետյանը վստահ է, որ եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը գնի գազամուղի այդ հատվածը, ապա չի կանգնի ոչ մի բանի առջեւ շարունակելու եւ խորացնելու Հայաստանի շրջափակումը. «Հետեւանքներ այս իմաստով կարող են անդառնալի լինել Հայաստանի համար»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նավթային կոմիտեի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հայտարարել էր, թե իր ղեկավարած կոմիտեն արդեն դիմել է խողովակաշարի սեփականատիրոջը` Վրաստանի պետական գազային ընկերությանը, իր շահագրգռվածությունը հայտնելով մասնակցել գործընթացին` խողովակաշարի սեփականաշնորհման կամ կառավարման հանձնման դեպքում:

«Թմբիրի մեջ գտնվելը անթույլատրելի է»

ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը Ռուսաստան-Հայաստան գազամուղի վրացական հատվածը ձեռք բերելու Ադրբեջանի պատրաստակամությունը մտահոգիչ է համարում: Ըստ նրա` Հայաստանը կարող է ինչ-որ առումով հույսը դնել հարավային` պարսկական գազամուղի վրա, սակայն ընդհանուր քաղաքական զարգացումների մեջ հարցեր առաջանում են:

ԱԺ պատգամավորը Վրաստանի կողմից գազամուղի վաճառքի հանելու հարցը դիտարկում է որպես Հայաստանի վրա ճնշում. «Չմոռանանք, որ մեր հարեւան երկրները այնուամենայնիվ որոշակի հատվածներում ունեն շահերի համընկնում եւ այդ շահերի համընկնումը պարբերաբար շրջվում է Հայաստանի դեմ: Գազամուղի խնդիրը եւս կարելի է դիտարկել այս հարթության մեջ: Տարածաշրջանում լարումը այն մակարդակի վրա է եւ նրա միջազգային որպես թնջուկ տարբեր շահերի միահյուսման եւ հակադրումն այնքան է բարձրացած, որ այստեղ թմբիրի մեջ գտնվելը, պասիվությունը ուղղակի անթույլատրելի է»:

Իսկ եթե բոլոր դեպքերում Ադրբեջանը կարողանա գնել գազամուղը, ի՞նչ է սպասվում Հայաստանին:

«Մանրուքների մեջ է թաքնված սատանան: Ոչ մեկը չի կարող ասել, թե սանիտարական աշխատանքների համար, նորոգման, խողովակաշար գցելու համար որքանով կկասեցվի գազամուղի գործունեությունը: Բացի այդ, մեկ անգամ չէ, որ ադրբեջանական դիվերսանտները պայթեցրել են հենց այդ գազամուղը, ուրեմն մենք ունենք մի խճանկար, որը մեզ հնարավորություն չպետք է տա, որ մենք քնենք»,- ասաց Վարդան Խաչատրյանը`