Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պանիրն ու կաթը` կաթի փոշիով եւ սոդայով

Տնտեսություն
a2d9e1e1e82be689e88fd48ed2598d45

Շուկայում պանրի գներին բարձրացման պատճառների ուսումնասիրության արդյունքներն այսօր հրապարակեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊ): Ըստ ուսումնասիրության` պանրի գները պետք է թանկանային ոչ թե 815, այլեւ 415 դրամով` ելնելով մթերվող կաթի գնի բարձրացումից:

«Մենք պարզեցինք, որ իսկապես շուկայում կաթի գինը բարձրացել է: Մինչեւ պանրի գնի բարձրացումը 1 լիտր կաթը եթե արժեր 100-ից 125 դրամ, ապա բարձրացումից հետո այն դարձել է 120-ից 160, որոշ շրջաններում նույնիսկ 180 դրամ»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա` 78 պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտներից, իրենք ուսումնասիրությունները կատարել են 16 առավել խոշոր տնտեսվարողների շրջանում, հիմնական շեշտը դնելով երեքի գործունեությանը:

«Մեր շուկայում արտադրվող պանրի ընդհանուր ծավալը կազմում է 209 տոննա, որից 30%-ից ավելին պատկանում է «Աշտարակ կաթ» ընկերությանը: Ընկերությունը ելնելով մեր նշանակված նշաձողից` մոտենում է շուկայում գերիշխող դիրքի սահմանագծին»,- ասաց նա:

Հանձնաժողովը նկատեց, որ շուկայում հենց այս ընկերությունն է առաջինը, այսինքն օգոստոս ամսին աստիճանաբար, ապա սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին կտրուկ թանկացրել պանրի գինը, որին էլ հետեւել են մյուս ընկերությունները: Այնուհետեւ նոյեմբերի 19-ից պանրի գնի որոշակի նվազեցմանը(2890 դրամից դարձել է 2490 դրամ) նույն փոքր տնտեսվարող սուբյեկտներն էլ հետեւել են նրա օրինակին, ինչն էլ ցույց է տալիս, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը շուկայում ունի գերիշխող դիրք:

Բացի այս, հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք ընկերություններ ՀՀ օրենսդրական պահանջը չկատարելով պանրի մեջ օգտագործել են որոշակի քանկությամբ կաթի փոշի` առանց մակնշելու պիտակին: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ պաստերիզացված կաթի որոշ տեսակներում հայտնաբերվել է սոդա: Արտակ Շաբոյանը չնայած լրագրողների պնդումներին` չնշեց այդ ընկերությունների անունները` պատճառաբանելով, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում:

Հանձնաժողովը միաձայն որոշեց, որ ստացված արդյունքները կուղարկվեն Հարկային ծառայության եւ Գյուղատնտեսության նախարարության համապատասխան գերատեսչություններին, ովքեր էլ հետագայում կորոշեն տուգանքներ սահմանել, կամ վարույթ սկսել նշյալ ընկերությունների դեմ, թե ոչ: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ այս ամենը հետեւանք է օրենսդրական բացթողումների եւ, որ իրենց բացահայտումները թույլ տալիս են հաստատելու, որ հակամրցակցություն այնուամենայնիվ կա:

Ի դեպ, ըստ հանձնաժողովի տվյալների` Հայաստանում պանրի իրացման ծավալները բավական ցածր մակարդակի վրա են: Բնակչության թվով` պանրի մեկ շնչի սպառման ցուցանիշը կազմում է տարեկան 0,63 կգ, այն դեպքում, երբ օրինակ Լեհաստանում այն կազմում է 13 կգ: