Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է մարտի 1-ի պատասխանատուն

Հարցազրույց
b45b6e1657496aaf917c3fe48392346d

ԱԺ-ում ներկայացված 2008 թվականի մարտի 1-2-ի  ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների կատարման ընթացքն ուսումնասիրող մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցը Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ, ՆԳ նախկին նախարար Անդրանիկ Քոչարյանին առանձնապես չի հետաքրքրում: Իսկ թե ինչո՞ւ. պարոն Քոչարյանը հիմնավորեց «Ա1+»-ի հետ հարցազրույցում: 

 - Կարիք չկար ծանոթանալ Դավիթ Հարությունյանի հրապարակած զեկույցին, որովհետեւ վերջին շրջանում նրա բոլոր զեկույցները եւ հատկապես մարտի 1-ին վերաբերողը' կրել են իմիտացիոն բնույթ: Դրանք հիմնականում մեկ խնդիր են լուծել. եղած փաստերը, որոնք պետք է պահեին ուշադրության կենտրոնում եւ հասնեին որոշակի բացահայտումների, դրված են մի կողմ եւ իրականացվում է մի մշտադիտարկում' առանց տալու հիմանական հարցերի պատասխանը:

- Ձեզ համար ո՞րն է ամենահիմնական խնդիրը Մարտի 1-2 դեպքերի հետ կապված:

- Կարեւորագույն հարցը, որը մնացել է չբացահայտված 10 մահվան հանգամանքների ուսումնասիրություններն են եւ մեղավորների չբացահայտումը, չնայած դրա համար իշխանություններն ունեին բավարար տեղեկատվություն: Եթե նրանք նույնիսկ չունեին այդ տեղեկատվությունը, ապա Փաստահավաք խմբի 5 զեկույցները լիովին բավարար էին մարտի 1-ին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելու համար:

- Ձեր կարծիքով 10 սպանություններն էլ հնարավո՞ր էին բացահայտել, եւ դրանցից որո՞նք են Ձեզ համար արդեն բացահայտված:

- Այն 7 ամիսների ընթացքում, ինչ գործեց Փաստահավաք խումբը, կարողանալով օգտագործել նույնիսկ իշխանությունների ձեռքին կուտակված, Հատուկ Քննչական Ծառայության ունեցած նյութերը մարտի 1-ի վերաբերյալ, որոշակի բացահայտումներ արեց: Ըստ էության' կարելի է ասել, որ մենք կանգնած էինք առնվազն 5 սպանությունների լիարժեք բացահայտման շեմին: Կարծում եմ' իշխանությունները դրանից վախեցած, առաջին զեկույցից հետո ամեն ինչ արեցին, որպեսզի Փաստահավաք խումբը չկարողանա բացահայտել այն կառույցները, որոնց միջոցով իրականացվել էին մարտի 1-ի դեպքերի ապօրինի որոշումները: Շատ ուշագրավ էր Փաստահավաք խմբի վերջին զեկույցը, որտեղ ուսումնասիրված է մարտի 1-ին բանակի մասնակցության խնդիրը: Լավ կլիներ, որ Դավիթ Հարությունյանը առաջին հերթին տար այն հարցերի պատասխանը, թե մարտի 1-ին բանակի ներգրավում, որը հակասահմանադրական էր եւ ապօրինի, ինչպե՞ս եւ ինչ մեխանիզմով է իրականացվել: Փետրվարի 23-ից հետո, Ռոբերտ Քոչարյանի մոտ խորհրդակցությունից հետո, այն ժամանակվա Պաշտպանության նախարար Միքայել Հայրապետյանը ինչպե՞ս կայացրեց այդ որոշումը, եւ մարտի 1-ին բանակը ինչպես բերվեց եւ տեղակայվեց Երեւանի կենտրոնում: Այս հարցերի պատասխանները քանի դեռ չեն տրվել, քանի դեռ չեն ստիպել, որ պատկան մարմինները, հատկապես ՀՔԾ-ն իրականացնի լիարժեք բացահայտում, մնացած մշտադիտարկման խնդիրները, թե «Չերյոմուխա-7»-ը հնացա՞ծ էր, հնացած չէ՞ր, ո՞ր զորամասում ոչնչացվեց, սոցիալական, կոռուպցիոն խնդիրները, որոնք կարող էին բերել' դժգոհությունների խնդիրը չեն լուծելու: Փաստորեն այսօր բոլոր մարդասպանները, որոնք իրականացրել են այդ սպանությունները, գտնվում են ազատության մեջ: Ավելին, գոնե նրանցից մի քանիսը Ներքին Զորքերի համակարգում են, որոնք կրակել են KC- 23 ինքնաձիգից' նշանառու կրակոցով, որի իրավունքը չունեին:

- Փաստահավաք խմբի լուծարումից հետո, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ Դուք շարունակեցիք 2008թ. մարտի 1-2-ի ուսումնասիրությունները, զեկույցներ հրապարակեցիք: Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: Նոր զեկույց սպասվո՞ւմ է:

- Դժվարանում եմ ասել' նոր զեկույց կունենանք, թե' ոչ: Զեկույցներից դուրս մարդկանց մոտ հսկայական նյութեր կային կուտակված' տեսագրություններ, ձայնագրություններ, որոնք մեզ կհաջողվի հավաքել, տեսակավորել եւ դրանց արժեքավոր բաղադրիչները ներկայացնել հանրությանը' գուցե փոքրիկ տեսքով:

- Պարոն Քոչարյան, գոնե Ձեզ համար մարտի 1-ի դեպքերը բացահայտվա՞ծ են:

- Ինձ համար' այո:

 - Ո՞վ է պատասխանատուն:

 - Գործող իշխանությունները' Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

 Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը