Փրկենք Արցախը հայաթափումից և նոր ցեղասպանությունից․ բողոքի ակցիա՝ Ստեփանակերտում (լուսանկարներ) (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր հավաքված մի խումբ արցախցի կանայք իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման պահանջով։
Նրանք պահանջում էին միջազգային հանրությանը, գերտերություններին ուշադրություն դարձնել Ադրբեջանի հայաթափման ագրեսիվ քաղաքականությանը։
«Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության անդամներից մեկն, իր ելույթում դիմելով մարդանց, ասաց նայեն իրենց ոտքերի տակ՝ այնտեղ, որտեղ ապրում եք․ «Այն, հինչ տուք կտեսնաք, դա է ՁԵՐ հողը։ Սա իմ հողըս ա, սա մեր հողն ա, որովհետև ես ըմ ստեղ ապրում, ստեղ ըն ապրալ իմ պապերը և պապերիս պապերը և ստեղ ըն ապրելու իմ խոխերքը, իմ թորները, ծոռները, կորները։ Ես սոր դիմում ըմ մարդկությանը` տուք կուզեի՞ք, վեր ծեզ պատկանող երկիրը ինի մի պետության կազմում, վերը ընդունակա իլյալ Սումգայիթ, Բաքու և Մարաղա կատարելու։ Վերը ծերուկներին աշկերը հանալ ա և բռնազավթած Շուշիում հրապարակումը գլխատալ, որի հերոսը Ռամիլ Սաֆարովն ա․․․ և եթե տուք քաղաքակիրթ աշխարհից ըք, այլ ոչ թե դժոխքի արարած, տուք ասելուվ ըք` ՈՉ։ Մունք սօր ստեղ հվաքվալ ընք, որպեսզի հայատյաց, ռասիստ, տեռորիստ Ադրբեյջանին ՆՈՐԻՑ ասինք` ՈՉ։ Մունք դիմում ընք միջազգային հանրությանը` փրկենք Արցախը»։
Նրանցից մեկն էլ հիշեցրեց, որ այս օրերին վճռվում է Արցախի լինելիության հարցը՝ Ադրբեջանի իշխանությունները հայերի էթնիկ զտման և ոչնչացման ծրագիր են իրագործում։
«Արցախը հայաթափելու, մեզ բնաջնջելու վտանգն առավել շոշափելի է դարձել։ Մենք խաղաղություն չենք մուրում ահաբեկիչ Ալիևից, մենք գազամատակարարում չենք ուզում տարածքների դիմաց։ Առաջնագծում մեր տղաները հերոսաբար դիմադրում են, ոմանք նաև զոհվեցին հանուն մեր ապագայի։ Խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հիմնարար կետերը՝ Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական հարձակումներ են գործում մեր սահմանների վրա։ Եվ ինչպես միշտ աշխարհը լռում է։ Սա համամարդկային ողբերգություն է։ Մեզ սպառնում են ցեղասպանել հենց մեր հողում։ Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել, մի բռունցք դառնալ, կանգնել արցախահայության կողքին։ Մեր մարդկային իրավունքները ոտնահարված են, կյանքը՝ վտանգված։ Մենք չենք մոռանում, որ ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի ժողովուրդը սատարել է մեզ։ Մենք երախտապարտ ենք ենք Ձեզ։ Բայց այսօր պահն օրհասական է՝ կա՛մ պետք է պայքարենք, կա՛մ մեր հայրենիքը, որի համար հազարավոր քաջորդիներ են նահատակվել, պիտի մնա թշնամուն։ Միացեք մեր արդար պահանջին, փրկենք Արցախը հայաթափումից և նոր ցեղասպանությունից»,-ասաց մասնակիցը։
Հիշեցնենք՝ երեկվանից հակառակորդը Արցախում Բայրաքթարներ է կիրառել, որի հետևանքով ունենք 3 զոհեր ու 15 վորավոր։ Ըստ այսօր տարածված պաշտոնական հայտարարության՝ հակառակորդը կրկին կրակում է Արցախի սամանին։