Անպետք լոգարան ու բազմոց՝ բնակելի շենքի բակում
Աջակցիր «Ա1+»-ինՆոր Նորք վարչական շրջանի Մոլդովական և Թոթովենց փողոցների հատման շրջակայքում, որտեղ բազմահարկ շենքեր են, տեղ-տեղ յուրօրինակ աղբակույտեր են։
Տարածքի մաքրման խնդրով ահազանգ «Ա1+»-ի խմբագրություն ստացել էինք այդ տարածքի մի քանի շենքերի բնակիչներից։ Եվ որպեսզի հասկանանք ինչի մասին է խոսքը, այցելեցինք ինչպես Թոթովենց, այնպես էլ Մոլդովական փողոցներ։
Թոթովենց 14 շենքի բակում՝ ավտոտնակների հարևանությամբ տեսանք կուտակված աղբ, դեն նետված բազմոց, իսկ շենքի հակառակ կողմում ցանկապատված տարածք էր՝ ներսում մի քանի անպետք լոգարան․ տեսարանը, մեծ հաշվով, հեռու էր էսթետիկայից։ Նաև հարց էր առաջանում՝ տարածքը ինչ-որ մեկի սեփականությո՞ւնն է, որ տարբեր անհասկանալի իրերի միջոցով «պարսպապատվել» ու սեփականացվել է։
Մոլդովական փողոցում շրջելիս էլ նկատեցինք ավտոտնակ, որի տանիքին էլի կուտակված աղբ կար։
Խնդրով «Ա1+»-ը կապ հաստատեց Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նելի Շառոյանի հետ և ներկայացրեցինք տեսածն ու լսածը։
Տիկին Շառոյանը ֆիքսեց վերը նշված շենքերի հասցեները և նշեց, որ հանձնարարականը կփոխանցի բաժին, կխոսի բաժնի պետի հետ և հարցին լուծում կտան։
«Մեկ-երկու օրվա ընթացքում կփորձեն հասկանալ՝ ինչ աղբ է, ցանկապատը օրինական է, թե՝ ոչ, և կհանձնարարեմ, որ հարցը լուծեն։ Հավաստիացնում եմ, որ մաքրությունը կապահովվի»,- խոստացավ Նելի Շառոյանը։