Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն դեպքում «Ա1+»-ը կլինի եթերում

Հարցազրույց
c9b93d1e7246e17386963ad0cc9d4a74

Դեկտեմբերի 16-ին' առավոտյան ժամը 10-ին, հանրությանը հայտնի կդառնա ՀՌԱՀ-ի որոշումը: Հեռարձակման մրցույթին մասնակցում է նաեւ «Ա1+»-ը հեռուստաընկերությունը:

  ՀՌԱՀ հայտարարած մրցույթի արդյունքների հրապարակումից առաջ զրուցեցինք «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ:

 -Իմ սպասելիքները մեծ չեն, որովհետեւ ես դեռ չեմ կողմնորոշվել ու չեմ հասկացել, թե ի վերջո Սերժ Սարգսյանը որ ճանապարհով է գնալու' երկրի դեմոկրատիզացիայի՞, թե՞ մոնոպոլիզացիայի:

 -Ուզում եք ասել, Սերժ Սարգսյա՞ նն է որոշում, իսկ Գրիգոր Ամալյանի գլխավորած հանձնաժողո՞վը...

 -Դա դրածո հանձնաժողով է, որը ոչինչ չի կարող որոշել. ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի օրոք դրվեց այդ ավանդույթի հիմքը, երբ մի հոգի է որոշում'  ժողովուրդը ուր պետք է գնա եւ ինչպես ապրի: Չեմ ասի, որ այդպես եղավ, քանի որ ժողովուրդը չընտրեց այն ճանապարհը, որը Քոչարյանն էր նախանշել, մինչ օրս էլ չի ընդունում:  Հիմա հարց է. Սերժ Սարգսյանը կօգտվի՞  առիթից եւ ցույց կտա՞, որ ընտրում է ուրիշ ճանապարհ' ժողովրդի կամքը, դա պարզ կլինի վաղը' ժամը 10-ին կայանալիք ՀՌԱՀ նիստը, որում կամփոփվեն մրցույթի արդյունքները:

 -Իսկ ձեր կարծիքով իրար հաջորդած պաշտոնանկությունները չե՞ն խոսում այն մասին, որ ընտրված է այլ ճանապարհ:

 -Չգիտեմ, մեր երկրում այնքան իմիտացիաներ են արվել, որ դժվարանում եմ հավատալ, թե մեր քաղաքապետը «խուլիգանության» համար է պաշտոնանկ արվել,  որովհետեւ մեր երկրում վխտում են խուլիգաններն ու մարդասպանները, եւ երեւի ավելի լուրջ գործեր կան, որ պետք  է մաքրեին, ոչ թե այդ մի փոքր միջադեպը:

Ես կարծում եմ' ուրիշ խնդիրներ են լուծել, բայց դա իրենց գործն է. ինձ այսօր հետաքրքրում է մի բան. Սերժ Սարգսյանը, որը վերջերս ակնարկներ է անում, թե իր ընտրած ճանապարհը լիովին տարբերվում է  Ռոբերտ Քոչարյանի ճանապարհից, ապացուցի գործով, ոչ թե միայն ամբիոններից: Սպասենք:

 -Դուք մասնակցելո՞ւ եք ՀՌԱՀ վաղվա նիստին, որտեղ տեղի է ունենալու քվեարկությունը:

 

-Բոլոր դեպքերում դա ինձ համար անհետաքրքիր գործընթաց է, որպես պրոֆեսիոնալի: Ես անձամբ չեմ մասնակցի նիստին, կլինեն մեր ներկայացուցիչները: Իմ այնտեղ լինել-չլինելը որեւէ բան չի նշանակում որեւէ մեկի համար, եւ հատկապես ինձ համար: Ես ավելի կարեւոր գործեր ունեմ, քան ֆարսին եւ խեղկատակությանը մասնակցելը: Ինչպիսի ելք էլ ունենա մրցույթը, ես դա համարում եմ խեղկատակություն, որովհետեւ եթե ազգային հանձնաժողով է, ապա պետք է ունենա անկախ կեցվածք, ոչ թե կամակատարի:

 Ժողովրդական հեռուտատեության» հիմնադրամի նախագիծն ի՞նչ վիճակում է, եւ արդյո՞ք հոգաբարձուների խորհրդի անդամները վաղը ՀՌԱՀ նիստին մասնակցելու են:

 -Հավանաբար կմասնակցեն: Հոգաբարձուների խորհուրդը, որին ես մեծ հավանություն եմ տալիս, առանց հաշվի առնելու ՀՌԱՀ-ի որոշումը, իրենք ունեն իրենց մարտավարությունը, որոշումները, հաճախ հավաքվում, քննարկում են հետագա անելիքները:  Կա մտավորականներ, քաղաքացիներ, որոնք հաշվի չառնելով ոչ մի խոչընդոտ, ընտրել են խոսքի ազատության եւ մամուլի անկախության կերտման ճանապարհը, որի վրա ամրապնդում եւ ոգեւորում  են «Ա1+»-ին, ինչը մեզ ավելի պետք է պարտավորեցնի ժողովրդի առջեւ: Եվ ես համոզված եմ, որ մեր ամբողջ կոլեկտիվն է գոհունակությամբ է այդ ընդունում:

 - Բայց «Ա1+»-ը իր գործունեության ողջ ընթացքում գործել է ժողովրդի, հասարակության համար, եւ առաջնորդվել այն սկզբունքներով, որ այսօր մշակվում է հոգաբարձուների խորհրդի կողմից: Տարբերությունը ո՞րն է:

 - Տարբերությունն այն է, որ ես մինչ այժմ մոտակա 1-2 տարվա մեր անելիքները որոշում էի միանձնյա, իսկ այժմ պետք է որոշի հոգաբարձուների խորհուրդը: Ինչպես ասում են' մի գլուխը լավ է, երկուսն' ավելի: Եւ շատ լավ է , որ այդ «գլուխն» ընդունելի է բոլորիս կողմից, քանի որ ներկայացնում է հասարակության տարբեր շերտեր:

   -Ո՞րն է լինելու «Ա1+»-ի անելիքը մրցույթի արդյունքների հրապարակումից հետո:

 -«Ա1+»-ը աշխատել է, աշխատում է եւ աշխատելու է, ինչ որոշում էլ վաղը կայացվի: Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե վաղը ինչ է լինելու. Մենք որպես հեռուստաընկերություն շարունակում ենք մեր աշխատանքը, խնդիրն ավելի շատ մեր կառավարության, մեր պետության վաղվա, ապագայի հարցն է: Մենք աշխատում ենք եւ կաշխատենք, իսկ դիմել ենք մրցույթի, որպեսզի մեր պրոֆեսիոնալիզմն ավելի ամրապնդենք եւ ընդլայնենք մեր գործունեության ոլորտը:

 -Իսկ հեռուստաընկերությունը ունի՞ տեխնիկական հնարավորություններ, որ հաղթելու դեպքում եթեր հեռարձակվի:

 -Հաղթելու դեպքում օրենքով տրված 6 ամսվա ընթացքում մենք ունենք հնարավորություն եւ տեխնիկապես եւ ֆինանսապես զինվելու, այդ ամենը ներկայացված է մրցութային առաջարկի մեջ: Մեր մրցութային առաջարկը համարում եմ ուժեղ, լուրջ եւ իրատեսական ծրագիր, իսկ հանձնաժողովի մոտեցումը եթե կրկնվի, կրկնվեն այն հեքիաթները, որ տարիներ շարունակ լսել ենք, կնշանակի, որ մեր երկրում ոչինչ չի փոխվել եւ փոփոխությունների մասին պետք է մտածի ժողովուրդը:

 -Իսկ հաղթելու դեպքում ինտերնետային եթերը շարունակվելո՞ւ է:

 -Այո, շարունակվելու է եւ ավելին մենք ինտերնետային հեռարձակմամբ իրականացնելու ենք այն ծրագիրը, որը ներկայացվել է ՀՌԱՀ-ին:Իրականացնելու ենք նաեւ արբանյակային հեռարաձակում. պայմանավորվածություններն արդեն կան: Մենք սպասում ենք հանձնաժողովի որոշմանը, սակայն մենք լինելու ենք եթերում, ինչ էլ հանձնաժողովը որոշի:

 Զրուցեց  Դիանա Մարկոսյանը