Տնտեսության աճը կրկին դանդաղում է
Հայաստանի տնտեսությունը սկսել է ավելի դանդաղ աճել: Այսօր Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տվել, որ այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսությունն աճել է 2.6 տոկոսով: Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմել է 310 մլրդ դրամ: Նախորդ ամիս աճը կազմել էր 2.4, իսկ դրանից առաջ 2.8:
Այսինքն` ամսվա կտրվածքով տնտեսությունը գրեթե կես տոկոս կրկին անկում է արձանագրել:
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-նոյեմբերին եւս աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության եւ շինարարության:
11 ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 734.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 9.8%-ով։ Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 14.5 տոկոսով:
Մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 0.5%՝ կազմելով 967.3 մլրդ դրամ։
Շինարարության ոլորտում արձանագրվել է 3.8 տոկոս անկում: Ծառայությունների ոլորտի աճը կազմել է 6.6 %:
Հունվար-նոյեմբերին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 4266.4 մլն դոլար, ինչը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 18.9 %-ով։ Միեւնույն ժամանակ, արտահանումն ավելացել է 41.2 %-ով՝ կազմելով 896 մլն դոլար, իսկ ներկրումը ավելացել է 14.2 %-ով՝ կազմելով 3370.4 մլն դոլար:
Ի դեպ, պաշտոնական գրանցված գործազուրկների թիվը այս ժամանակահատվածում նվազել է 2.4 տոկոսով: Այսինքն` 81 000 մարդ աշխատանք չունի: