Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն ինչ խաղի է նման» (տեսանյութ)

Տնտեսություն
8a9da35b5da356d0204b3fffefdf5489

2010թ.-ը կփակենք 2-3 տոկոս տնտեսական աճով, ինչպես նաեւ մոտավորապես 10 տոկոս գնաճով: Նման կանխատեսում է անում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա նկատում է, որ ամբողջ աշխարհում տարեմուտին ամանորյա էժանացումներ են, սակայն մեզ մոտ ուղիղ հակառակն է: Եվ մեր հայրենակիցները, ըստ նրա` նոր տարին կդիմավորեն ավելի աղքատիկ սեղանի շուրջ: «Փողոցով եք անցնում, տեսնում եք, որ ամանորյա տրամադրություններ չկան, մտահոգությունը մարդկանց դեմքին ավելի է շատացել, ժպիտը` պակասել»,- նկատում է տնտեսագետը` հույս չհայտնելով, որ գալիք տարին ավելի լավն է լինելու:

«Դեռ ոչ մի նախադրյալ չկա, որ գալիք տարի զարգացում կլինի: Ընդունվել են հիմնական փաստաթղթերը, որը գալիս են իբրեւ շարունակություն 2010թ. գորշ տնտեսական տարվա»,-ասաց նա:

Երեկ հրապարակված Ազգային վիճակագրական ծառայության տվյալները Բագրատ Ասատրյանին հիմք են տալիս մտածելու, որ մեր երկրի վիճակը վատ է. «Երբ խորանում ես թվերի մեջ, տեսանելի է, որ տնտեսությունը խորը դեպրեսիայի մեջ է: Այո, աճ ունենք 2.6, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա աճ չի: Եթե հաշվի առնենք նախորդ տարվա միտումները` շուրջ 14.5-15 տոկոս անկում, փաստորեն այս տարի ընդամենը 12 տոկոսով ենք ավելի վատ ապրելու, քան 2008թ.-ին: Այսինքն, մեր վիճակը շարունակում է վատ լինել»:

Տնտեսագետին չի ոգեւորում նաեւ արդյունաբերության ոլորտում արձանագրված աճը: Նա այդ հանգամանքը պայմանավորում է լեռնային մետալուրգիայով, մասնավորապես պղնձի եւ մոլիբդենի միջազգային գների կտրուկ աճով: Ինչպես նաեւ Բագրատ Ասատրյանը չի կիսում կառավարության այն պնդումները, թե շինարարության եւ գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված անկումը, վկայում է տնտեսության դիվերսիֆիկացման մասին: Ըստ նրա` շինարարության անկումը պայմանավորված է ստվերային հոսքերի ֆինանսավորման կրճատմամբ, իսկ գյուղատնտեսությունը ավելի շատ Աստծուց է կախված. «Մենք ավանդական գյուղատնտեսություն ունենք, 17-րդ դարից այս կողմ մի երկու հատ տրակտոր է ավելացել, ոչ մի տեխնոլոգիա չկա, պաշտպանվելու միջոցներ չկան գյուղացու, գյուղատնտեսության համար, բախտի կամ եղանակի քմահաճույքին է թողնված: Լավ կլինի, արդյունքը լավ կլինի, վատ կլինի, կլինի ինչպես այս տարի»:

Ի դեպ, ԿԲ նախկին նախագահը կարծում է, որ տնտեսության վրա որեւէ կերպ չի ազդի կառավարությունում կադրային վերջին փոփոխությունները: Նա լուրջ չի վերաբերվում դրանց եւ համարում է, որ եթե ուզում են նորմալ երկիր լինել, ապա պետք է հիմնավորված լինի որեւէ տեղաշարժ իշխանական բուրգում. «Եթե քաղաքապետի փոփոխությունը քիչ, թե շատ տեսանելի էր, ապա որեւէ մեկը չբացատրեց, թե ինչու են ֆինանսների նախարար փոխում կամ էկոնոմիկայի: Թող ասեին այս խնդիրներն է, որ չի լուծել, բերում ենք այն անձին, որը լուծելու է այս, այս խնդիրը: Ավելի շատ խաղի է նման, ոչ թե կառավարման համակարգում իրական փոփոխությունների, որի մասին արժի խոսել»: