Ստոկհոլմյան գույներ եւ տպավորություններ․ Շվեդիան նշում է Ազգային տոնը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչու՞ են շվեդները 1983 թվականից սկսած հենց այսօր՝ հունիսի 6-ին, նշում ազգային օրը։ Հայաստանում Շվեդիայի դեսպանատանն ասում են՝ շատ շվեդներ անգամ չգիտեն, բայց ահա մի կարճ նախապատմություն:
Սա այն օրն է, երբ 1523 թվականին Գուստավ Վասան ընտրվեց թագավոր՝ հիմք դնելով անկախ Շվեդական պետության, և այս նույն օրը 1809 թվականին ընդունվեց նոր սահմանադրություն։ 2005 թվականից ազգային օրը համարվում է պետական տոն։
Օրվա առիթով ներկայացնում ենք լուսանկարներ եւ տեսանյութ, որն արել է «Ա1+»-ի լրագրողը մայիսին՝ կարճատեւ գործուղման ժամանակ։
Ստոկհոլմի օդանավակայանից դուրս եկող հայաստանցիները զարմանում են իրենց ուղղված հայացքներից․ հետո հասկանում են՝ միայն իրենք են դիմակով։ Օդանավում դիմակ կրելը պարտադիր է․ դուրս գալուց հետո մոռացել են հանել։
Շվեդիայի մայրաքաղաքի գույները ստիպում են մի պահ մոռանալ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հայաստանյան իրականությունը։ Գունագեղ շենքեր, ծաղիկներ, ամպեր ու լիճ, ամեն օր կեսօրին թագավորական պալատի պահակների հանդիսավոր հերթափոխի արարողություն։
Ստոկհոլմը կառուցվել է տասնչորս առանձին, միմյանց հետ կապ չունեցող կղզիներից, որտեղից հնարավոր էր փակել նավերի մուտքը դեպի Մելարեն լիճ։ Անվան առաջին մասը՝ «ստոկ» նշանակում է գերան, իսկ երկրորդը՝ «հոլմ»՝ փոքր կղզի։
Մայիսին Ստոկհոլմում ծաղկում է սակուրան՝ ճապոնական բալենին։ Քաղաքի բնակիչներն ու հյուրերը շտապում են հիանալ այդ տեսարանով։ Ի դեպ, դրանք Ստոկհոլմին նվիրել են ճապոնացիները։
Այս օրերին տարբեր շենքերի վրա կտեսնեք ուկրաինական դրոշներ, որոնք ծածանվում են ի աջակցություն Ուկրաինայի ժողովրդի։ Հուշանվերների խանութներում հայտնվել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելինսկու պատկերով շապիկներ։
Ստոկհոլմում կանխիկ գումարով առեւտուր անել հնարավոր է չստացվի։ Ռեստորաններում նույնպես ձեզանից կպահանջեն վճարել քարտով։ Շվեդական կրոնը կարող եք ծախսել, օրինակ, սուպերմարկետներում։
Շաբաթ-կիրակի օրերին որոշ սուպերմակետներում աշխատողներ չկան։ Ինքնասպասարկում է․ գումարն էլ պիտի վճարեք ավտոմատացված եղանակով։ Լավագույն տարբերակում ձեզ կօգնի անվտանգության աշխատակիցը։
Ընդհանրապես՝ ցուրտ Շվեդիայում մարդիկ «տաք» են, որքան էլ երեկոյան ժամերին աղմուկ, անգամ բարձր ծիծաղ Ստոկհոլմում չեք լսի։
Մի վախեցեք մոլորվել Ստոկհոլմում․ հաստատ կգտնվի մեկը, ոչ միայն կօգնի Ձեզ, այլեւ պատրաստ կլինի ուղեկցել անհրաժեշտ վայր՝ նույնիսկ, եթե իր ճանապարհին չէ։
Իսկ Շվեդիայում ԶԼՄ-ների եւ օմբուդսմենի աշխատանքի մասին՝ հաջորդիվ