Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կթանկանա միսը, շաքարավազն ու հացահատիկը»

Տնտեսություն
d7d0a52aeca3c30719a5fe66fc0c32d1

Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ընդհանարապես բոլոր թանկացումների պատճառներն, ըստ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, պետք չէ փնտրել տնտեսական դաշտում:

Որպես վառ օրինակ` տնտեսագետը համարում է Ամանորի նախաշեմին ձվերի գնի աննախադեպ աճը. «Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրում գործում են ոչ թե ազատ շուկայական տնտեսության կանոնները, այլեւ ադմինիստրատիվ լծակներով տնտեսական դաշտում փոփոխություններ անելու ցանկությունը: Առիթից օգտվելով` իշխանությունների հովանավորությունն ունեցողները տարեվերջին ձվի գները բարձրացնելով` կարողացան գերշահույթներ ապահովել: Այս խաղը միշտ լինելու բոլոր ապրանքների թանկացումների հարցում, քանի դեռ իշխանությունները չեն պայքարում մենաշնորհի դեմ»:

Ամանորի նախաշեմի համեմատ այսօր ձվերի գնի նվազումը Վահագն Խաչատրյանը չի կապում մրցակցության հետ. «Ձու արտադրողներն ինչ գումարներ ակնկալում էին ստացան, հիմա միջին գնով կվաճառեն»:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ առաջիկայում կթանկանա մսի, շաքարավազի եւ հացահատիկի հետ կապված ապրանքատեսակների գները. «Պետք է նկատի ունենալ նաեւ այն հանգամանքը, որ այդ բոլոր ապրանքատեսակները ներկրվում են դրսից եւ մեկ անձի կողմից»: Խոսքը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է:

«Այդ ապրանքների գների թանկացումը կթելադրի ոչ թե շուկան, այլ` ներկրողը»,- ասաց Վահագն Խաչատրյանը: Տնտեսագետի կարծիքով` իշխանությունները գերադասում են գործ ունենալ մեկի հետ, քան մի քանի տնտեսվարողների հետ. «Նրանք հետո կդառնան բարերարներ եւ հեռուստատեսություններով կսկսեն նրանց ցույց տալ: Այսինքն մեր մի գրպանից թալանում են, մյուսից` բարեգործություն են անում»:

Վահագն խաչատրյանը գտնում է, որ մենաշնորհը զարգացնելով` իշխանություններն ընտրությունների ընթացքում ավելի կառավարելի են դարձնում գործարարներին:

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Խաչատրյանն այսօր անդրադարձավ նաեւ առաջիկայում սպասվող գազի գնի թանկացմանը. «Ես համոզված եմ, որ գազի գինը կբարձրանա, սակայն այստեղ նույնպես չի աշխատում առաջարկն ու պահանջարկը: Այն հիմնավորումները, որոնք ներկայացնում է «Հայռուսգազարդը», հիմնավորված չէ: Մենք դա ապացուցել ենք նաեւ դատարանում: Գազի սպառումն անցյալ տարվա համեմատ այս տարի 30 տոկոսով պակասել է, եւ եթե գազի գինը կրկին ավելացնեն, սպառումը նորից է պակասելու: Գազի գնի թանկացումը նույնպես կապված է անձերից` իրենց գրպանի պարունակությունն ավելացնելու համար: Այդ թանկացումները գործում են մեկ մարդու տրամաբանության շրջանակներում` լինի դա Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան: Սա է հիմնական խնդիրը»:

Տնտեսագետը համոզված է, որ գազի գնին բարձրացմանը զուգահեռ, կբարձրանա նաեւ էլեկտրաէներգիայի գինը: Իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքում, ըստ Վահագն Խաչատրյանի` վտանգված է, ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ ողջ պետականությունը: