«Երեւանը պետք է դառնա գրավիչ»
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին:
Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքապետարանի ու վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև հաստատված բոլոր ծրագրերը մայրաքաղաքում պետք է լինեն շարունակական:
Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նպատակով:
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքի մեջ է: Կողմերը պայմանավորվեցին 2011թ.-ին սկսել նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Ծրագրի համաձայն կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը, բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ և կառուցել դրենաժային համակարգ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ավտոկայանատեղիների վերաբերյալ քաղաքականության մշակման և Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված հարցեր:
Առաջիկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը այս երկու ծրագրերի շուրջ կոնկրետ առաջարկություններ կներկայացնի Երևանի քաղաքապետին: Կարեն Կարապետյանը նշեց, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի պետություն-մասնավոր սեփականություն համագործակցությանը:
«Մայրաքաղաքում գործարարների և ներդրող օպերատորների համար պետք է տեղծվի բարենպաստ ներդրումային դաշտ: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- ընդգծել Է Կարեն Կարապետյանը:
Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: