Նորվեգիայում դժգոհ են ՈԻԵՖԱ-ից
Աջակցիր «Ա1+»-ինՆորվեգիայի ֆուտբոլի կանանց հավաքականի Կարոլինա Հանսենը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն շատ քիչ գումար է տրամադրում ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնությանը։
Անգլիայում մեկնարկած Եվրոպայի հերթական առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 16 մլն եվրո, մինչդեռ անցած տարի տղամարդկանց առաջնության պարգևավճարը եղել է 371 մլն եվրո։
«Այն փաստը, որ գումարների տարբերությունը մեծ է, մեզ հիասթափեցնում է։ ՈՒԵՖԱ-ն որքան շատ ներդրումներ կատարի կանանց առաջնությունում, այնքան թիմերը մեծ գումարներ կծախսեն մարզազգեստի և զարգացման համար։ Կարծում եմ, ՈՒԵՖԱ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մեզ», - ասել է նորվեգացի ֆուտբոլիստուհին։
Նրան աջակցել է նաև Նորվեգիայի տղամարդկանց հավաքականի նախկին խաղացող Էրլանդ Խանստվեյդը, որն այժմ ֆուտբոլիստների արհմիության ղեկավարն է։
«ՈՒԵՖԱ-ն անընդհատ բարձրաձայնում է, որ առաջնության հիմնադրամը կրկնապատկել է և 8 մլն եվրոյից դարձրել է 16 միլիոնի։ Բայց պետք է նշենք, որ տղամարդկանց անցած առաջնության հիմնադրամն ավելացվել է 70 մլն եվրոյով», - նշել է նախկին ֆուտբոլիստը։
ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Նադին Կեսլերն այդ կապակցությամբ հայտարարել է, որ այդ բնագավառում իրենք կատարում են փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն են թողնում։