Բացել լրահոսը Փակել լրահոսը
սեյսմիկ
A A
Հասարակություն

Եվրամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի «զգացվածության» հավելվածը կունենա նաև հայերեն բաժին

 Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի տեղակալներ Արտյուշ Գրիգորյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ):

ԱԻՆ պաշտոնյաները մասնակցել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ստեղծման 31-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը: Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ և ձեռքբերումներով լի աշխատանք:

Միջոցառման ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է գործընկերներին և ներկայացրել տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները և առաջիկա անելիքները:

Սոս Մարգարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին միացյալ երկրաֆիզիկական ծառայության «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները» խորագրով միջազգային սեյսմոլոգիական ամենամյա 17-րդ դպրոցը նախատեսվում է իրականացնել Հայաստանում:

Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի աջակցությամբ տեղադրվելու են նոր կայաններ, սերտացվելու է գիտության ոլորտում համագործակցությունը: Եվրամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի «զգացվածության» հավելվածը կունենա նաև հայերեն բաժին, նախատեսվում է այն կիրառելի դարձնել ՀՀ-ում, հատկապես դպրոցականների շրջանում:

Միջոցառման ավարտին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հիմնադրման 31-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ծառայության կայացման գործում նշանակալի ներդրում ունեցած աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով: