Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Գասպարյան
A A
Հասարակություն

Ինստիտուտի տնօրեն ընտրվեց Արսեն Գասպարյանը

Հուլիսի 29-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը:
 
Արսեն Գասպարյանը Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ-ի հունվարի վերջին:
Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii:

Նա սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում: Եղել է նույն համալսարանի Բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:

Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում,  2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2016թ-ից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):